Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Միասին բացահայտենք առեղծվածային Չեխիայի տեսարժան վայրերը

  • 25/12/2017

Չեխիա` բազմազանության երկիր: Իր մեջ առկա է և սլավոնական ինքնատիպություն, և միջնադարյան խստություն, և թեթև ժամանակակիցություն: Անգամ ամենաքմահաճ զբոսաշրջիկն այստեղ տեսնելու և հիանալու վայրեր կունենա: Այստեղ կարելի է մեկնել ընտանիքով, որպեսզի հանգստանաք բնության գրկում կամ ակտիվ ժամանակ անցկացնել լեռնադահուկային որևէ հանգստավայրում, կարելի է ընկերներով այցելել բոլոր տեսարժան վայրերը, լինել միջնադարյան ամրոցներում, վերականգնել առողջությունը առողջարանային հանգստավայրում:  

Եկեք մեր բացահայտումը սկսենք Չեխիայի մայրաքաղաքից: Եվ այսպես ոսկե Պրահայի ամենահայտնի տեսարժան վայրերը մեկ վայրում.

1. Pražský hrad (Պրաժսկիյ հրադ) - Այն Չեխիայի ամենամեծ ամրոցն է, մայրաքաղաքի խորհրդանիշը և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որը կառուցվել է դեռևս 9-րդ դարում։ Լինել Պրահայում և չտեսնել Pražský hrad-ը, նույնն է, ինչ լինել Փարիզում և չտեսնել Էյֆելյան աշտարակը։ Ամրոցը հիմնադրվել է IX դարում։ Այն գտնվում է բլրի վրա՝ Վլտավա գետի ձախ ափին։ Ամրոցի հրապարակից բացվում է հրաշալի տեսարան, այստեղից կարող եք վայելել Պրահան՝ իր ողջ շքեղությամբ։ Այսօր Pražský Hrad-ը ծառայում է որպես Չեխիայի հանրապետության նախագահի նստավայր։

 

 

2. Katedrála sv. Víta (Սբ․Վիտուսի տաճար) - Սբ․ Վիտուսի տաճարը Պրաժսկիյ հրադի մարգարիտն է։ Այն կառուցված է գոթական ճարտարապետական ոճով։ Մինչև 1836 թվականը այստեղ էին թագադրվում չեխական թագավորները։

 

 

3.  Staroměstské náměstí (Ստարոմեստյան հրապարակ) - Այս հրապարակը Հին քաղաքի սիրտն է։ Հրապարակում կանգնեցվել է Չեխիայի ազգային հերոս Յան Գուսի արձանը։ Հրապարակի շուրջն են գտնվում պատմական բազմաթիվ շինություններ։ Դրանցից ամենահայտնիներն են Սբ․ Նիկոլայի տաճարը, Գոլց Կինսկիյների պալատը, Սուրբ Մարիամի տաճարը և Ռատուշան՝  իր աստղագիտական ժամացույցով։ 

 

 

4. Václavské náměstí  (Վացլավյան հրապարակ) - Այս հրապարակը Պրահայի սիրտն է։ Որտեղ էլ գնաս, միևնույն է հայտնվում ես այս հրապարակում։ Վաղ ժամանակներում այն ծառայել է որպես ձիերի շուկա, իսկ այժմ հրապարակում կան բազմաթիվ ռեստորաններ, խանութներ և զվարճանքի այլ վայրեր։ Հրապարակի սկզբնամասում կանգնեցված է Սբ․ Վացլավի ձիով արձանը։

 

 

5. Josefov (Հրեական քաղաք) - Հրեական թաղամասը գտնվում է Հին քաղաքի սրտում։ Տարածքն այնքան էլ մեծ չէ, սակայն հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և պատմությամբ։  Այն նախկին հրեական գետտո է։ 

 

 

6. Karlův most (Կառլի կամուրջ) - Կառլի կամուրջը միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է։ Կամրջի կառուցման առաջին քարն իր ձեռքով դրել է Կառլ IV-ը՝  1357 թվականի հուլիսի 9-ին։ Սակայն կամուրջն իր անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Քայլեք կամրջով, հիացեք միջնադարյան աշտարակներով և արձաններով (դրանք կամրջի վրա 30-ն են), երազանք պահեք և դիպչեք Սբ․ Յանի արձանին, պատվիրեք Ձեր նկարը կամրջի նկարիչներին և վայելեք փողոցային երաժիշտների արվեստը։

  

 

7. Vyšehrad (Վիշեհրադ) - Այն ամրոց է և Հին Պրահայի թաղամասերից մեկը։ Հիմնվել է դեռևս 10-րդ դարում։ 14-15-րդ դարերում կառուցվել է Սբ․ Պետրոսի և Պողոսի բազիլիկ տաճարը։ Թանգարանում ներկայացված են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Վիշեհրադի տարածքում մարդիկ բնակվել են մ.թ.ա. դեռևս 4-րդ հազարամյակում։ Այնպես որ երեկոյան կզբոսնենք Վիշեհրադի տարածքում և կվայելենք երեկոյան Պրահան ամրոցի պատերից։

 

 

8. Tančící dům (Պարող շենք) - Յուրահատուկ ճարտարապետական հուշարձան դեկոնստրուկտիվիզմի ոճով, որը նվիրված է հայտնի հոլիվուդյան պարողներ Ջինդեր Ռոջերսին և Ֆրեդ Աստերին: Շենքը անվանում են նաև «Ջինդեր և Ֆրեդ»Այս շենքը դարձել է բազմաթիվ վեճերի, քննարկումների առարկա, բազմաթիվ քննադատներ, ճարտարապետներ, անգամ պարզապես քաղաքի բնակիչներ չեն դադարում քննարկել այն: Բայց պարող շենքը արդեն վաղուց դարձել է Պրահայի ամենահայտնի տեսարժան վայրերից:  Այն սիմվոլիկ շինություն է, որը պատկերում է պարող տղամարդու և կնոջ:

 

 

9. Petřínská rozhledna (Պետրշինյան աշտարակ) - Պետրշինյան աշտարակն առաջին հայացքից հիշեցնում է հանրահայտ Էյֆելյանը, սակայն մի քիչ փոքրացված: Այն ունի 60 մետր բարձրություն և գտնվում է Պետրշին բլրի վրա: Ի տարբերություն Էյֆելյան աշտարակի Պետրշինյան աշտարակն ունի ութանկյուն տեսք, աշխարհագրորեն էլ այն ավելի բարձր է, քանի որ գտնվում է բլրի վրա: Ի դեպ այն կառուցվել է մի շարք չեխ գործարարների կողմից, ովքեր ոգեշնչված էին հենց Էյֆելյան աշտարակից:

 

10. John Lennon wall + Wax Museum + The spinning head of Kafka - Ջոն Լենոնին նվիրված հայտնի պատը Պրահայում գտնվում է Վելկոպրժևորյան հրապարակում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Ասում են, որ այս պատի վրա գրառումներ սկսել են հայտնվել անմիջապես Ջոն Լենոնի մահից հետո: Ինչպես նաև, այստեղ հավատում են, որ Լենոնի իսկական երկրպագուն հազարավոր գրառումներից կգտնի հենց երաժշտի  ինքնագիրը:

Պրահայում նույնպես կա մոմե արձանների թանգարան, որն իր մեծությամբ իհարկե զիջում է Մադամ Թյուսոյի թանգարանին, սակայն բնավ չի զիջում արձանների բնական տեսքով և պատրաստման վարպետությամբ: Ֆրանց Կաֆկայի հուշարձանն իրենից ներկայացնում է հսկայական գլուխ 10 մետր բարձրությամբ և  45 տոննա քաշով չժանգոտվող մետաղից: Այն բաղկացած է 42 պտտվող սկավառակներից, որոնք էլ ձևավորում են Կաֆկայի գլուխը: 

 

11. Národní divadlo (Ազգային թատրոն) - Ազգային թատրոնը մայրաքաղաքի զարդն է, հպարտությունը։ Թատրոնի շենքը խորհրդանշում է չեխական մշակույթի զարթոնքը։  Կառուցվել է 1881 թվականին ժողովրդի դրամահավաքության միջոցներով:

 

 

Իսկ այժմ ծանոթանանք Չեխիայի ամենահայտնի քաղաքներին.

1. Karlovy Vary (Կառլովի Վառի) - Անհնար է պատկերացնել ճանապարհորդություն Չեխիա առանց Karlovy Vary այցելելու։  Այս հեքիաթայի քաղաքի տեսարժան վայրերից են  հանրահայտ Յան Բեխերի թանգարանը, որտեղ էլ արտադրվում է չեխական ամենահայտնի լիկյորը` Becherovka-ն, այցելուները ծանոթանում են թանգարանի պատմությանը, հայտնի խմիչքի պատրաստման և պահպանման տեխնոլոգիային:   Դիանա դիտաշտարակը կառուցվել է 1914 թվականին` 547 մետր բարձրության վրա: Աշտարակից բացվում է հրաշալի տեսարան դեպի Կառլովի Վառի և նրա շրջակայքը:

 

 

Գյոթեի անվան դիտաշտարակը ամենահինն է Կառլովի Վառիում: Այն կառուցվել է 1889 թվականին: Աշտարակի բարձրությունը 42 մետր է, դեպի վերին դիտարկման հրապարակ պետք է բարձրանալ աստիճաններով, դրանք 165 են:  Քաղաքի ամենահայտնի աղբյուրը` Գեյզերը, գտնվում է համանուն կոլոննադայում: Միայն պատկերացրեք Գեյզերի ջրի շիթը բխում է 2 կմ խորքից, իսկ ջերմաստիճանը հասնում է մինչև +72...+73°С:

 

 

2. Český Krumlov (Չեսկի Կրումլով) - Հեքիաթային քաղաք Չեխիայի հարավում։ Այն կարծես փոքրիկ միջնադարյան անկյուն լինի ժամանակակից աշխարհում։ Երկրային եդեմի այս փոքրիկ անկյան ամենահայտնի տեսարժան վայրերն են Կրումլովյան ամրոցը (14-17-րդ դարեր), քաղաքի պատմական կենտրոնը, որն ի դեպ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է, Սբ․ Վիտուսի տաճարը (1340թ․),  քաղաքային Ռատուշան (1580թ․), Մինորիտների վանքը  (14-17-րդ դարեր) և այլ բազմաթիվ այլ տեսարժան վայրեր։

 

 

3. Brno (Բռնո) - Հարավային այս քաղաը պատմական Մորավիայի կենտրոնն է, մեծությամբ երկրորդը Չեխիայում: Տեղացիները համարում են, որ այն ոչնչով չի զիջում մայրաքաղաքին։ Բռնոյի տեսարժան վայրերից ամենահայտնիներն են` Եվրոպայում մեծությամբ 2-րդ Ոսկրերի կատակոմբան, Սբ․ Պետրոսի և Պողոսի տաճարը, Պերնշտեյն ամրոցը, բանջարեղենային շուկայի հրապարակը, Ազատության հրապարակը, Հին Ռատուշան, Լեդնիցե ամրոցը, Շպիլբերգ ամրոցը, կիրառական արվեստի Մորավական պատկերասրահը, ինչպես քաղաքի պատմական կենտրոնը։ Եվ իհարկե կայցելենք Բռնոյի հայտնի գարեջրի գործարանը, կծանոթանանք գարեջրի պատրաստման եղանակներին և նորագույն տեխնոլոգիաներին։ 

 

 

4. Kutná Hora (Կուտնա Հորա) - Միջնադարյան շրջանի չեխական ամենահարուստ քաղաքներից մեկը: Այս քաղաքի հանքերից արդյունահանում էին արծաթ և այստեղ էր գտնվում թագավորական դրամատունը: Քաղաքի տեսարժան վայրերից են Սուրբ Վարվարայի հայտնի տաճարը` կառուցված գոթական ոճով և յուրօրինակ մատուռ-ոսկ, որի ինտերյերն ամբողջությամբ պատրաստված է մարդկային գանգոսկրերից և ոսկորներից: Ուսումնասիրության մյուս օբյեկտը մասնավոր սեփականության տակ գտնվող բարային ամրոցն է` պատմական ինտերյերով, պատկերասրահով, կահույքի, զենքի և որսորդական պարագաների հավաքածուներով:

 

 

5. Olomouc (Օլոմոուց) - Փոքրիկ Պրահան՝ Մորավայի ափին։ Այս քաղաքը նաև անվանում են թանգարան բաց երկնքի տակ։ Չէ՞ որ այստեղ՝ ընդամենը 100 քմ-ի վրա, կենտրոնացված են բազմաթիվ պատմական հուշարձաններ, ճարտարապետական կոթողներ և անթիվ-անհամար եկեղեցիներ։ Կայցելենք քաղաքի կենտրոնական Ռատուշա, կտեսնենք Սբ․ Երրորդության կայմը, Օլոմոուցի շատրվանները, Օլոմոուցի ամրոցը, կզբոսնենք քաղաքի պատմական կենտրոնում և այլ նշանակալի վայրերում։