





























Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 08:30
Տուրի տևողությունը 3 օր
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15
Oր 1
Սկսենք մեր տուրը Երևանից և ուղևորվենք Խոր Վիրապ։ Խոր Վիրապը Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:
Այնուհետև կուղևորվենք Նորավանք։ Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:
Մեր հաջորդ կանգառը կլինի Տաթևում։ Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար:
Հենց այստեղ մենք անմոռանալի ճամփորդություն կունենանք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով։ 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթեւի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու "Տաթեւի թեւեր" կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով: Ճոպանուղին հիմնված է երկու տերմինալների միջեւ տեղակայված երեք աշտարակների վրա:
Միաժամանակ երկու խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (3-ական յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի մոտ 11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 25 ուղեւոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթեւի վանքը:
Այնուհետև կտեղափոխվենք Ստեփանակերտ։ Ստեփանակերտը Արցախի ներկայիս մայրաքաղաքն է: Այն կոչվում է հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով: Ստեփանակերտը կառուցվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի: Այս մաքուր ու գողտրիկ քաղաքը ունի բազում գեղեցիկ շենքեր ու այգիներ: Այստեղ կարելի է տեսնել հայտնի "Մենք ենք մեր սարերը" արձանը, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես Արցախի "Տատիկն ու պապիկը":
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 2
Տուրի 2-րդ օրը կկազմակերպենք էքսկուրսիա Ստեփանակերտում։ Պատմության թանգարան և տեղի շուկա այցելելուց հետո կուղևորվենք Ամարաս։ Ամարասը, համաձայն հայ պատմիչների վկայության, որպես հոգեւոր ու մշակութային կենտրոն հանդես է գալիս 4-րդ դարի սկզբից, երբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ եկեղեցի է հիմնում: 5-րդ դարում հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն Ամարասում հիմնադրում է առաջին դպրոցը: Հզոր բերդապարիսպների մեջ առնված եկեղեցին կառուցված է կաթնագույն սրբատաշ կրաքարով: Վանքը զավթիչների կողմից բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն միշտ շատ արագ վերականգնվել ու շենացել է:
Հաջորդ կանգառը կլինի Շուշի քաղաքում։ Արցախի նախկին մայրաքաղաք Շուշին գտնվում է Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա: Շուշին համարվում է Կովկասի ամենահին հոգեւոր եւ մշակութային կենտրոններից մեկը: Քաղաքը հայտնի է իր անառիկ ամրոցով ու զանազան պատմական վայրերով: Այստեղ է գտնվում նաեւ 18-րդ դարի մի մզկիթ եւ Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:
Ստեփանակերտ վերադառնալուց առաջ կայցելենք նաև Սբ.Ղազանչեցոց եկեղեցի և Ճդրդուզ։ Ղազանչեցոցը գտնվում է Շուշիում: Այս հոյակերտ եկեղեցին կառուցված է սպիտակ սրբատաշ քարով եւ ամբողջովին պատված է քանդակներով եւ արձաններով, որոնք իրենց հերթին ընդգծում են եկեղեցու փառահեղ տեսքը: Ըստ եկեղեցում գտնված հին ձեռագրի` եկեղեցին կառուցվել է 1868-1888 թթ. : Այն վերանորոգվել է 1991-1994թթ:
Արցախի բնապատմական արգելոց Հունոտի կիրճից վեր գտնվում է Կատարոտ (Ճդրդուզ) ժայռը: Անառիկ տարածքում Արցախի իշխանները ամրոց են կառուցել, որը 18-րդ դարում վերակառուցվում է որպես "Շուշիի բերդ": Կատարոտի տարածքը վերածվում է Շուշի քաղաքի պաշտպանական հենարանի: 1992 թվականի մայիսի 9-ի լուսադեմին հայ կամավորները բարձրացել են անդնդախոր ժայռերն ի վեր եւ ազատագրել այդ պահին ադրբեջանցիներով բնակեցված Շուշին, որտեղից տարիներ շարունակ մահաբեր արկեր էին նետվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ռազմական այս օպերացիան անհավատալի է համարում յուրաքանչյուր ոք, ով հայտնվում է Ճդրդուզում` բացառիկ հերոսություն համարելով մութ գիշերով բարձարանալ 400 մետր գրեթե ուղղաձիգ ժայռերն ի վեր:
Գիշերակաց Ստեփանակերտի հյուրանոցում։
ՕՐ 3
Մեր տուրի 3-րդ օրը կսկսենք Տիգրանակաերտ այցելությունից։ Պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաք Տիգրանակերտից բացի, որը հիմնադրվել է Տիգրան Մեծ արքայի օրոք (95-55 մ.թ.ա.) Արևմտյան Հայաստանում, պատմական Հայաստանում և նրա սահմաններից դուրս Տիգրան Մեծի կողմից հիմնադրվել են Տիգրանակերտ անունը կրող մի քանի այլ բնակավայրեր: Այդպիսի բնակավայր է եղել նաև Արցախի հյուսիսում. Տիգրանակերտ քաղաքը, որը գտնվում է Խաչենագետի աջ ափին և կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում:
Այնուհետև կանգառ ենք կատարում Ասկերանի բերդի մոտ։ Ասկերանի բերդը գտնվում է Ասկերան գյուղի հարավային մասում` Ստեփանակերտից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ամրակուռ պարիսպներով այս ամրոցը, որ երկու կողմից շրջապատված է Քարքար գետի հովտով, հնագույն ժամանակներից հայտնի է նաեւ Մայրաբերդ անունով եւ որպես ռազմական կարեւոր հենակետ հանդես է գալիս 18-րդ դարից:
Հետո այցելում ենք Գանձասար։ Արցախի հուշարձանների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Գանձասարը: Այն համարվում է հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից ու տնտեսական այլ շենքերից: Գլխավոր եկեղեցու արտաքին ճարտարապետության զարդն են կազմում գմբեթի բազմանիստ թմբուկի նրբակերտ բարձրաքանդակները: Վանական համալիրը կառուցված է Գանձասար կոչվող անտառապատ սարի գագաթին, որից էլ ժառանգել է իր անունը:
Հաջորդ կանգառը կլինի Դադիվանքում։ Դադիվանքը ըստ ավանդության հիմնադրվել է 1-ին դարում` Թադեւոս առաքյալի աշակերտ Դադեի գերեզմանի վրա: Գտնվում է Արցախի պատմական Վերին Խաչեն գավառում (այժմ Մարտակերտ): Դադիվանքը կառուցված է ցածրադիր վայրում եւ շրջապատված է խիտ անտառներով: Ներկայիս կառույցները պատկանում են 12-13-րդ դարերին: Պատերի վրայի արձանագրությունները հայոց պատմության էջերի համար հսկայական նյութեր են պարունակում: Հատկապես ուշագրավ են Դադիվանքի երկու խաչքարերը, որոնք համարվում են արվեստի գլուխգործոցներ:
Վերջին կանգառը կլինի Սևանա Լճում։ Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող ՍեւանըԿովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Այստեղ մենք կավարտենք տուրն ու կվերադառնանք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր երեքշաբթի (տևողությունը 3 օր)` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 3 | Գիշեր : 2 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Գիշերակաց «Հեղնար» հյուրանոցում (3-անգամյա սնունդ)
- Վիզայի Վճարներ
Բացառումներ
- Տեղավորում մեկտեղանոց սենյակում (գործում է 12.000 դրամ հավելավճար)
- Գիշերակաց «Արմենիա» և «Վալեքս Գարդեն» հյուրանոցներում (գործում է հավելավճար 10.000 դրամ, 3-անգամյա սնունդ)