Բարսելոնա՝ զգացեք կատալոնական շունչը
Հպարտ, ինքնահավան, պայթուցիկ, լի հանճարներով եւ միջակություններով, սիրահարեցնում եւ սիրում է ... այս ամենը Բարսելոնան է.... Ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: Բարսելոնան էներգետիկ Դալին է, Գաուդիի ֆանտաստիկ ճարտարապետությունը , հեծանվավազքի երթեւեկության ակտիվ շարժումները, ապշեցուցիչ երեկույթները եւ անվերջանալի սանգրիա: Անմտություն կլիներ սկսել ներածության մեջ թվարկել Կատալոնիայի մայրաքաղաքի կոթողները, քանի որ դրանք անհամար են և կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Հնագույն հռոմեական նավահանգիստը շնչում է պատմությամբ, ամեն քար պատրաստ է պատմել իր լեգենդը, եւ յուրաքանչյուր հուշարձան արժանի է առնվազն օրհներգի կամ ձոնի: Եթե գաք այստեղ ձանձրացած, հոգնած, ուժասպառ եղած, Բարսելոնան իր սիրտը կբացի ձեր առաջ և իր գիրկը կառնի: Մի խոսքով, Բարսելոնան անսպառ էներգիայի և ջերմության քաղաք է...
Ի՞նչ պետք է տեսնել
1. Սագրադա Ֆամիլիա - Բարսելոնան ճարտարապետական ֆանտաստիկ կառույցների, եթերային շինությունների քաղաք է, որին դիպել է մի հանճարեղ մարդու, մի մեծագույն վարպետի՝ Գաուդիի ձեռքը։ Պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սուրբ ընտանիքն» է, որի շինարարությունը սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Շուրջ 136 տարի տաճարը կառուցվում է, սակայն նրա կեսն անգամ դեռևս ավարտված չէ։ Ստանձնելով տաճարի շինարարության դժվարին գործը՝ Գաուդին նվիրվեց ամբողջ էությամբ։ Քառասուներեք տարի շարունակ նա չունեցավ ո՛չ անձնական կյանք, ո՛չ որևէ այլ հետաքրքրություն։ Այդ զարմանալի մեծահանճար ճարտարապետը նույնիսկ տուն չէր գնում. ապրում էր կիսավարտ կառույցի խցերից մեկում և աշխարհն ուրացած՝ խելահեղ նվիրումով իրականացնում իր երազանքը։ Պատահում էր, որ քանդել էր տալիս արդեն կանգուն մի հատված՝ չնչին փոփոխություններ կատարելու նպատակով։ Գաուդիի կյանքի իմաստը տաճարն էր և այն ավարտելու անհնարին ցնորքը։ Տաճարը լիովին կանգուն տեսնելու բախտը վիճակված չէր մեկ կյանք ապրած որևէ մարդու։ Հավանաբար ևս երկու-երեք սերնդի անձնուրաց աշխատանք և ֆինանսական հսկայական միջոցներ են հարկավոր տաճարը տեսնելու համար այն տեսքով, ինչպիսին պիտի դառնա ըստ Գաուդիի նախագծի։
2. Ռամբլա բուլվար - Բարսելոնայի կենտրոնական այս փողոցը միշտ բանուկ է: Ռամբլան աչքի է ընկնում խորհրդանշական գեղեցկությամբ: Սրճարաններով, բարերով, ռեստորաններով, խանութներով ու փողոցային երաժիշտներով լեցուն այս փողոցը ողջ Եվրոպայի ամենատեսարժան վայրերից մեկն է: Նրանք, ովքեր զբոսնում են այս փողոցով, ցանկանում են, որ իրենց զբոսանքը հավերժ ձգվի:
Տուն Միլա - Միլա տունը` բնակելի տուն է և ճարտարապետական հուշարձան:Հազվադեպ է պատահում, որ այս երկու հասկացությունները լինում են միասին, բայց բացառություններ լինում են: Պատահական չէ, որ այս կառույցը 1894 թվականին առաջինն էր, որ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սկզբում կատալոնացիները հավանություն չէին տալիս մեծ վարպետի գործին, էկստրավագանտ կառույցը անվանում էին «Pedrera», որը նշանակում է քարհանք, կոպիտ և տգեղ: Այսօր այն բոլորի կողմից ճանաչված ճարտարապետական գլուխգործոց է:
4. Բարսելոնետա - Այցելել Բարսելոնետա նշանակում է` սուզվել կատալոնական թաղամասի անշտապ ռիթմի մեջ, զբոսնել նեղ գեղատեսիլ փողոցներով, համտեսել համեղ ձկնային ճաշատեսակներ, զգալ թավշյա ավազի թեթեւ շրշյունը ոտքերի տակ` Բարսելոնայի լավագույն լողափում:
Բարսելոնետան գտնվում է Բարսելոնայի հիմնական նավահանգստի եւ Օլիմպիական ավանի մեջտեղում: Զբոսնելով հեշտությամբ կարող եք հասնել զարմանահրաշ ավազոտ ափերին, ինչպես նաև Սուրբ Սեբաստիանի աշտարակում գտնվող ճոպանուղու կայանին, որը կտանի ձեզ մինչև Մոնժուիկ լեռ: Բարսելոնետայի մեկ այլ տեսարժան վայրերից է` նավահանգստի պահեստ Պալաու դե Մարը, Placa de Pau Vila փողոցում, տուն 3, որտեղ այժմ տեղակայված է Կատալոնիայի պատմական թանգարանը: Ինչպես նաև պետք է նշել 4 հայտնի հրապարակները` Pompeu Gener,Font del Mercat, բանաստեղծ Boscà-ի հրապարակը, եւ ամենամեծ հրապարակը` Բարսելոնետան, որտեղից սկսվում է Ժոան դե Բորբոյի պուրակը և այստեղ է գտնվում San Miguel del Port բարոկկո ոճի եկեղեցին:
5. Գուել զբոսայգի - 1901 թվականից սկսվեցին այս տարածքում պուրակի ստեղծման աշխատանքները: Աշխատանքները իրականացվել են երեք փուլերով` ամրացվեցին և հարմարեցվեցին բլրի լանջերը,ասֆալտապատվեցին ճանապարհները, կառուցվեցին ցանկապատերը և մուտքի տաղավարները և հարակից լայն հրապարակ-տանիքը: Հայտնի նստարանի կառուցման նյութ են հանդիսացել ապակու կտորները, կոտրված ափսեները, դեկորատիվ սալիկների բեկորները, մի խոսոքով թափոններից, որոնք սովորական մարդիկ դեն են նետում: Նստարանի վրա պատկերված է Բարսելոնայի խորհրդանիշ մողեսը: Այս տարօրինակ գաղափարի տերը, իհարկե Գաուդին էր, նա տեղծեց իսկական արվեստի գործ աղբից: Հետագայում այս կառույցը ոգեշնչման աղբյուր դարձավ տարբեր ճարտարապետների համար: Նստարանից ոչ պակաս տպավորիչ են հարևանությամբ գտնվող մեղրաբլիթ տները, որոնք անհնար է նկարագրել բառերով: Բլուրի լանջին է կառուցված շքեղ դահլիճը, զարդարված 86 սյուններով:Այտեղ Գաուդին օգտագործել է միայն մուգ կապույտ գույնի ապակիների կտորներ, որը Գաուդիի ամենասիրելի գույնն էր:
6. Բալիոյի տուն - Առավել հայտնի առանձնատներից մեկն է, որի ճարտարապետական ծրագրի վրա, հանճարեղ Գաուդիի ստորագրությունն է: Առանձնատունը գտնվում է Պասսեջ-դե-Գրասիա պողոտայում,Էսամպլե թաղամասի սրտում: Կառույցի ամեն ինչն է զարմանալի` «Պարող» ճակատը, զարդարված գույնզգույն կերամիկական խճանկարներով, պատշգամբները, տանիքի գույնզգույն սալիկները, որի ուրվագծերը հիշեցնում են արտասովոր վիշապի, "ֆիրմային» բուխարիները, գունավոր ապակուց վիտրաժներ: Երբ նայում եք Բալիոյի տանը փողոցից, թվում է` շենքը ապրում, շնչում ու ուշադիր հետեւում է իր այցելուների շարժումներին: Առանձնատան ներքին հարդարանքը ոչ պակաս հրաշալի է: Դուք կարող եք տեսնել ջահ-արեւ, սանդուղքի բազրիքներ, «փափուկ» փայտից կահույք, գունավոր ապակե վիտրաժներ, որոնք ճառագում են փշահաղարջի ջեմի գույներով:
7. Կախարդական շատրվան - Մեծ թվով ցանկացողներ, ամբողջ աշխարհից գալիս են տեսնելու զվարճալի եւ հետաքրքիր շոուն, որը տեղի է ունենում Կատալոնիայի ազգային պալատի առջեւ: Ջրի, գույնների, երաժշտության խաղը չի թողնի որեւէ մեկին անտարբեր: «Հրաշք եւ կախարդանք», ահա առաջին բառերը, որ գալիս են մտքիդ: Հաշվելով վերջին րոպեները, ամբոխը քարանում է սպասելով հրաշքի:Երաժշտության առաջին հնչյուններից եւ ջրի ցայտերից, որոնք սավառնում են երկնքում, դուք կորցնում եք իրականություն հետ կապը։
8. Մոնժուիկ - Բառացիորեն թարգմանված` «Հրեական լեռ»: 170-մետրանոց բլուր է, որy ձգվում է Հին Նավահանգստից դեպի հարավ-արեւմուտք: Նախկինում այստեղ տեղակայված էր հրեական գերեզմանատուն: Այսօր Մոնժուկինում են գտնվում Բարսելոնայի լավագույն թանգարանները,1929 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի կառույցը, օլիմպիական օբյեկտներ, ինչպես նաեւ մի շարք զբոսայգիներ, այգիներ եւ կածաններ: Լեռան ամենաբարձր կետը համանուն պալատն է, որի դիտարկման հարթակից քաղաքը երեւում է, ինչպես ափի մեջ: Բլրի գագաթից կարելի է ոտքով իջնել բուսաբանական այգիներ, առավել հետաքրքիր է Jardins de Mossen Costa i Llobera -ն, որտեղ աճում են բազմաթիվ կակտուսի տեսակներ:
9. Պիկասոյի թանգարան - Արվեստի սիրահարները պետք է անպայման այցելեն Պիկասոյի թանգարան, որն իր դռները բացեց 1963 թվականին, հին Բերենգերա դԱգիլարա առանձնատանը (XV դար), Պաբլո Պիկասոյի քարտուղար` Խաումե Սաբարտեսայի նախաձեռնությամբ: Այսօր Պիկասոյի թանգարանը գտնվում է հինգ գոթիկ առանձնատներում եւ զբաղեցնում է Մոնկադա փողոցի զգալի մասը: Պիկասոյի թանգարանում ներկայացված են ավելի քան 3500 աշխատանքներ, ինչպես նաև տպագիր գրաֆիկաներ: Պիկասոյի գործերի մասին կարելի է խոսել անվերջ, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ այցելել թանգարան եւ տեսնել ամենը սեփական աչքերով, քան հարյուր անգամ լսել:
10. «Կամպ Նոու» մարզադաշտ - «Կամպ Նոուն» դարձել է իսկական ուխտագնացության վայր զբոսաշրջիկների համար: «Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 57 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը։ Մարզադաշտը կառուցվել է, երբ Բարսելոնայի թագավորական աթոռը զբաղեցրեց Ֆրանսեսկ Միրո-Սանսը։ Նա առաջ քաշեց ապագա «Կամպ Նոու»-ի ծրագիրը նաև այն պատճառով, որ գլխավոր մրցակից Ռեալ Մադրիդը կառուցեց Estadio Chamartín (առավել հայտնի որպես Սանտիագո Բերնաբեու) մարզադաշտը։ «Կամպ Նոու»-ն բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին. այդ իրադարձության պատվին կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր Բարսելոնայի ու լեհական «Լեգիա» թիմի ընկերական հանդիպումը, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով: «Կամպ Նոու»-ն վերակառուցվել է մի քանի անգամ։ Առաջին անգամ դա եղավ 1981թվականին. մարզադաշտը մեծացվեց այնտեղ անցկացվող խաղերի համար,ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1982 թվականին անցկացվել է Իսպանիայում։ «Կամպ Նոու»-ի մարդատարությունը հասավ մինչև 99354 երկրպագուի։ Երկրորդ վերակառուցումը իրականացվեց 1988 թվականին շնորհիվ ՈՒԵՖԱ-ի նոր կանոնների, ըստ որի բոլոր տեղերը պետք է կահավորված լինեին։
Սպասարկում և Փաստեր
Խոհանոց - Բարսելոնան հայտնի էր համեղ կերակուրներով դեռ հին հռոմեական դարաշրջանում: Տեղական ավանդական խոհանոցը ձևավորվեց տարբեր մշակույթների եւ կրոնների խոհարարական նախընտրություններից, որոնք առկա էին քաղաքում:Դարեր շարունակ, հանդիսանալով նավահանգստային քաղաք, Բարսելոնան ընդունում էր Ամերիկայից, Աֆրիկայից և Եվրոպայից եկող նավաստիններին, որոնք իրենց հետ բերում էին իրենց խոհարարական նախընտրությունները: Բարսելոնան միշտ եղել է կոսմոպոլիտ քաղաք, այնպես որ, Բարսելոնայի խոհանոցը իսկական բաղադրատոմսերի, համերի և հոտերի Բաբելոն է: Այսպիսով, եթե գալիս եք Բարսելոնա, հանցագործություն է չծանոթանալ քաղաքի այս կողմի հետ:
1. PA AMB TOMAQUET` չորացված հաց, որը պատում են սխտորով եւ լոլիկով եւ համեմում ձիթապտղի յուղով: Պատրաստում են գյուղական բոքոնով հաստ շերտից ,որպեսզի լոլիկի հյութը չփափկեցնի այն: Նշենք, որ ոչ բոլոր սրճարաններում կարելի է համտեսել իսկական PA AMB TOMAQUET:
2. Սոսա` պիցցայի կատալոնական տարբերակը: Բաղադրիչները կարող են լինել տարբեր` միս, ձուկ, քաղցր սերուցք,մուրաբա ... Մի խոսքով, ավելի ավելի լավ է փորձել մեկ անգամ, քան հարյուր անգամ բացատրել:
3. ESCUDELLA I CARN D'OLLA` թանձր ապուրի նման բան է, որը եփվում է ամեն տեսակի մսամթերքով, բանջարեղենով, ոլոռով, մակարոնեղենով եւ այն ամենից, ինչ կա տանը:
4. FIDEUA` դասական կատալոնական ուտեստ: Լապշա ծովամթերքներով` մոլյուսկներ, ծովախեցգետին, կաղամա, կարող է լինել նաև մսով:
5. Paella` առավել հայտնի իսպանական խոհանոցի ստեղծագործություններից: Եփում են լայն տափակ ափսեի մեջ, բրնձով, ծովային մթերքներով և բանջարեղենով: Հանդիսանում է ավանդական տոնական ուտեստ:
Տրանսպորտ - Հանդիսանալով Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից եւ Միջերկրականի խոշորագույն քաղաքը, Բարսելոնան չէր կարող չունենար լավ մշակված եւ լայնածավալ տրանսպորտային ցանց: Բացի այդ, զբոսաշրջիկների տարեկան հոսքը շատ մեծ է, և դա նպաստում է Կատալոնիայի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի և El Prat օդանավակայանի արագ զարգացմանը, որը մրցակից չունի Միջերկրական քաղաքներում: Բարսելոնայի տրանսպորտի համակարգը ներառում է գրեթե բոլոր տեսակները, որոնք հնարավոր են խոշոր քաղաքներում` մետրո, ավտոբուսներ, տրամվայներ, երկաթուղային տրանսպորտ, ծովային տրանսպորտ, մալուխային ավտոմեքենա, տաքսի եւ խոշոր օդային երթեւեկություն մի շարք երկրներ եւ քաղաքներ: Միեւնույն ժամանակ, ամբողջ համակարգը մոնոպոլ չէ, և կառավարվում է տարբեր ընկերությունների կողմից, ինչպիսիք են FGC ((Ferrocarrils de la Generalitat de Catalunya- Կատալոնիայի երկաթուղիներ) եւ TMB (Transports Metropolitans de Barcelona- Բարսելոնայի մետրոյի կառավարում): Սակայն, այս ամենը նախագահում էAutoritat del Transport Metropolità կազմակերպությունը (կրճատ` ATM):
Որտե՞ղ կանգ առնել
Երբ պատրաստվում բացահայտել Բարսելոնան, ապա ամենամեծ հարցերի մեկը, իհարկե, ընտրել ճիշտ տեղակայված կացարան: Քաղաքի թաղամասերը այնքան շատ են և յուրաքանչյուրն առանձնանում է իր սեփական մշակույթով, որ հաճախ բարդ ընտրության առաջ ենք կանգնում` կանգ առնել լողափի հարևանությամբ, թե քաղաքի կենտրոնական հատվածում: Ուսումնասիրելով մի քանի թաղամասեր, ավելի հեշտ կլինի ընտրություն կատարելը:
Բարսելոնետա - Գտնվում է ուղղակիորեն Միջերկրական ծովի ափին: Բարսելոնետա ափամերձ շրջանը առաջարկում է ցնցող տեսարաներ դեպի ծով, հրաշալի ափ, ինչպես նաեւ հեշտությամբ կարող եք ծանոթանալ քաղաքի բոլոր տեսարժան վայրերին: Բարսելոնետան սիրելի է և հայտնի զբոսաշրջիկների շրջանում:
Գոթիկ թաղամաս - Նրանց համար, ովքեր հետաքրքրված են Բարսելոնայի պատմությամբ, Գոթիկ թաղամասը իդեալական է: Այն լի է նեղ փողոցներով եւ գեղատեսիլ հրապարակներով, որը թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ Բարսելոնայի հարուստ պատմությանը, սկսած հնագույն հռոմեական պատերից, մինչև միջնադարյան շենքեր: Շատերը այս թաղամասը համարում են քաղաքի սիրտը:
Գրասիա - Եթե ցանկանում եք սուզվել Կատալոնիայի ավանդական մթնոլորտում, ապա Գրասիան հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այն հիշեցնում է գեղատեսիլ փոքրիկ քաղաք, որտեղ առավոտյան կարող եք տեսնել Կատալոնիայի ազգային պարը ''la sardana'', իսկ երեկոյան մասնակից դառնալ քաղաքի գիշերային ակտիվ կյանքին:
Էլ Բորն - Բարսելոնայի հնագույն շրջաններից մեկը: Էլ Բորնը լի է բազմաթիվ յուրահատուկ բուտիկներով, թանգարաններով, ռեստորաններով եւ բարերով: Ներկայումս տարածքը հայտնի է, որպես քաղաքի ամենաթեժ «Barrios» մասերից մեկը, այն իսկական հիթային վայր է երիտասարդների շրջանում:
Օգտակար է իմանալ
Կլիմա - Իսպանիայում ամռանը ջերմաստիճանը օրվա ընթացքում հասնում է 30 աստիճանի, իսկ գիշերը իջնում է մինչև 15 աստիճան: Լավագույն ժամանակը զբոսաշրջիկների համար մարտի եւ հունիսի միջև ընկած ժամանակահատվածն է, եւ սեպտեմբերի կեսից մինչեւ հոկտեմբերի վերջ: Ափին,ջերմաստիճանը կարգավորում է ծովը, եւ միշտ տաք է: Իսպանիայի Միջերկրականի կլիման շատ մեղմ է,և նույնիսկ ձմռանը ջերմաստիճանը չի նվազում 10 աստիճանից: Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ բարձրանում է 32 աստիճանից:
Լեզու - Բարսելոնայի հիմնական լեզուն կատալոներենն է` դասական իսպաներենի և ֆրանսերենի խառնուրդ: Բարսելոնայում հիմնական տեղեկությունները հաճախ նշվում են և կատալոներեն, և իսպաներեն: Բարսելոնայում ոչ բոլորն են տիրապետում անգլերենի, այդ իսկ պատճառով` օգտակար կլինի, սովորել մի քանի արտահայտություններ իսպաներենով:
Արտարժույթ - տարադրամի փոխանակում - Եվրոն Իսպանիայի պաշտոնական արժույթն է: Մինչեւ ուղեւորվելը Բարսելոնա, խորհուրդ ենք տալիս ունենալ Ձեզ մոտ որոշակի քանակի վճարման միջոցներ: Խորհուրդ ենք տալիս վերցնել չեկեր, կրեդիտ քարտեր եւ եվրո, նախատեսված մոտ 2 օրվա համար: Եթե որոշել եք զբոսնել, ապա վերցրեք Ձեզ հետ միայն այնքան գումար, որ անհրաժեշտ է տվյալ օրվա համար: Կրեդիտ քարտեր, այդ թվում AMEX-ը, լայնորեն ընդունվում են բազմաթիվ խանութներում, ռեստորաններում եւ հյուրանոցներում, սակայն կան շատ փոքր թվով ռեստորաններ եւ հոսթելներ, որոնք դեռեւս չեն ընդունում վճարումներ կրեդիտ քարտով: