Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Կիպրոս. Լեգենդների և առասպելների երկիր

  • 17/02/2020

Այն Եվրոպայի ամենահետաքրքիր կղզիներից մեկն է. արևի, առասպելական պատմությունների, հեքիաթային լողափերի հիանալի երկիր:

Այն ունի երկար և տպավորիչ պատմություն: Բնակավայրերի հետքերը տանում են մինչև մ.թ.ա. 8200 թվական: Բրոնզե դարում նրանք սովորեցին աշխատել պղնձի վրա, իսկ 1500թ. մ.թ.ա. Եգիպտոսը դարձավ կարևորագույն առևտրային գործընկեր: Այն Միջերկրական ծովի երրորդ ամենամեծ կղզին է և բաժանված է 2 մասի ՝ Հյուսիսային Կիպրոսը, որը զավթված է Թուրքիայի կողմից, և Հարավային Կիպրոսը /հունական/:

Ահա Կիպրոսի վերաբերյալ որոշ փաստեր՝

Օդանավակայաններ - Թե Լառնակայում, և թե Պաֆոսում կան օդանավակայաններ: Օդանավակայանները փոքր են, բայց Լառնակայի օդանավակայանը համարվում է ամենամեծը և շատ բարձր սեզոնի ընթացքում ունի խիտ երթևեկություն:

Եղանակը Կիպրոսում - Կիպրոսը գտնվում է Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Ամառը շոգ է, և անձրև գրեթե չի լինում: Ձմեռները մեղմ են: Գարունն ու աշունը համարվում են լավագույն եղանակները, իսկ կղզին ամենագեղեցիկն է գարնանը:

Որտեղ մնալ - Դա կախված է նրանից, թե ինչ եք ուզում Ձեր արձակուրդից: Լառնակայում կա հյուրանոց օդանավակայանից ոչ հեռու, բայց եթե ձեզ հարկավոր է տեղական կոլորիտը, ապա ավելի լավ է մնալ հենց քաղաքում, որտեղ կան բազմաթիվ հյուրանոցներ և բնակարանային հյուրանոցներ: Լառնական ունի հիանալի լողափ և անհամեմատ հանգիստ է, քան կղզու մյուս հայտնի տուրիստական վայրերը:

Պաֆոսում զբոսաշրջիկները կենտրոնացած են Կատո Պաֆոս քաղաքում, նավահանգստի հարևանությամբ գտնվող տարածքում, բայց քաղաքի հյուսիսում էլ կան տուրիստական վայրեր (օրինակ ՝ Կորալ Բեյ): Պաֆոսը և կղզու հարավ-արևմտյան մասը կարող են առավելագույնն առաջարկել, երբ խոսքը վերաբերում է պատմական վայրերին: Այստեղ, տուրիստներն ավելի շատ են, քան Լառնակայում:

Լիմասոլը Կիպրոսի երկրորդ խոշորագույն քաղաքն է: Այն կղզու հիմնական նավահանգիստն է, հիմնական տուրիստական ​​կենտրոնը և կղզու գինեգործության կենտրոնը: Լիմասոլում է գտնվում Կիպրոսի ամենատպավորիչ հնագիտական ​​վայրերից երկուսը՝ հինավուրց Ամատուս և Կուրիոն քաղաքները տեղակայված են արևելքում և արևմուտքում ժայռերի վերին մասում համապատասխանաբար, որոնցից բացվում է դեպի Միջերկրական ծով դյութիչ տեսարան: Ամաթուսում հայտնաբերվել է երբևէ գտնված ամենամեծ քարե ծաղկամանը (տեղակայված է Փարիզի Լուվրում), որը այն գտածոններից է, որ ներթափանցել են օտարերկրյա թանգարաններ:

Այա Նապան և Թզենու ծովածոցը զուտ տուրիստական վայրեր են, որտեղ տեղաբնակների թիվը կազմում է ընդամենը 1000-2000 մարդ: Սա այն վայրն է, ուր դուք պարզապես ցանկանում եք օրվա ընթացքում վայելել արևը, լողավազանն ու լողափը, իսկ գիշերները տրվել դիսկոտեկներին և երեկույթներին:

Տեսարժան վայրերը: Պատմության ամենահետաքրքիր տեսարժան վայրերը գտնվում են Պաֆոսի և Լիմասոլի արևմուտքում գտնվող տարածքում (Կուրիոն): Լառնական ունի հին Կիոն քաղաքի ավերակները: Ձմռանը Լառնակայի աղի լիճը շատ թռչունների հանգրվան է: Ամռանը լիճը չորանում է, և շատ թռչուններ արտագաղթում են: Եթե ձեզ հետաքրքրում են եկեղեցիները, հնարավորություն կա Կիպրոսում այցելել հունական ուղղափառ եկեղեցիներ:

Անպայման արժե այցելել Տրոդոս լեռան որոշ գյուղեր: Այստեղ լավ տպավորություն կստանաք ավելի հին Կիպրոսի մասին: Լեռները գեղեցիկ են (հատկապես գարնանը), իսկ ջերմաստիճանը շատ մեղմ է: Կարող եք այցելել ավտոբուսով կամ նախապես ամրագրված տուրերով:

Ակտիվ հանգիստ - Լինելով կղզի, Կիպրոսը առաջարկում է բոլոր տեսակի ջրային սպորտաձևերը, ինչպիսիք են դայվինգը, նավարկությունը, ձկնորսությունը, ուինսյորֆինգը և այլն:

Լիմասոլի և Պաֆոսի տարածքում կան գոլֆի դաշտեր: Դուք կարող եք նաև զբաղվել լեռնագնացությամբ կամ հեծանվային տուրեր կատարել:

Ինչպե՞ս սնվել Լառնակայում և Պաֆոսում - Կիպրոսում, անպայման, գոնե մեկ անգամ պատվիրեք մեզե: Սա կիպրական խոհանոցի լավագույն ուտեստների հավաքածուն է: Դուք կարող եք պատվիրել մսե կամ ձկան մեզե: Երկու դեպքում էլ այն սկսվում է փոքր նախուտեստներից, որոնք բաղկացած են թարմ աղցաններից և բանջարեղեններից: Սրա հետ միասին Ձեզ կմատուցեն տարբեր սոուսների ընտրությամբ պիտա հացը:

Մի մոռացեք տեղ թողնել այն ամենին, ինչ հաջորդելու է: Տարբեր տեսակի մսեղեն, կամ, եթե ցանկանում եք, ձկնեղեն՝ սմբուկով, ռավիոլիով, հումուսով և այլն: Ձկան մեզեն հիմնականում բաղկացած է ութոտնուկից, ծովախեցգետնից, կաղամարից, որոնք մատուցվում են կամ խորոված կամ տապակած: Եվ իհարկե գինի:

Փաստեր

Բնակչությունը՝ մոտ 788 000 մարդ

Մակերես՝ 9.250 կմ քառ. (որից 3,355 կմ քառ.՝ հյուսիսային թուրքական հատվածը):

Լեզուն՝ հունարեն և թուրքերեն: Կղզու հարավում մարդկանց մեծ մասը խոսում է անգլերեն և մի փոքր ռուսերեն:

Արժույթ՝ եվրո:

Հեռախոսային կոդ՝ 357

Ժամային գոտին՝ ԳՄԺ +2 կամ Կենտրոնական Եվրոպական ժամանակ + 1 ժամ: