Madridista
Թագավորական Մադրիդը եվրոպական զբոսաշրջային կենտրոններից մեկն է: Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են այս քաղաք: Իսպանական մայրաքաղաքը սկսել է զարգանալ Բուրբոնների արքայատոհմի իշխանության օրոք` 16-րդ դարում: Հենց այդ ժամանակաշրջանում սկսեցին կառուցվել շքեղ պալատներ և տաճարներ, ազգային հերոսներին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:
Պլազա Մայորում զբոսնելով, Սան-Միգել շուկայում համտեսելով տապաս խորտիկները, կարող եք զգալ Մադրիդի իրական շունչը` խիստ, տոնական և միաժամանակ դինամիկ և զարգացող: Իսպանական ազգի անցյալ մեծությունը սրբորեն պահպանվում է Պրադո թանգարանում, կնքված է Պալասիո Ռեալ պալատի պատերում, զմրսված` Պլազա –դել- Սոլ քարե կամրջի մեջ:
Իսպանիայի մայրաքաղաք այցելությունը ճամփորդություն է դեպի արվեստի, նրբաճաշակ ճարտարապետության և խելահեղ խոհանոցի աշխարհ, ինչպես նաև խորասուզում վառ և աուտենտիկ մշակույթում:
- Թագավորական պալատ
Իրական իսպանական Վերսալ, Եվրոպայի ամենագեղեցիկ թագավորական պալատներից մեկը` կառուցված 17-րդ դարում: Համալիրի արևմտյան հատվածում տեղակայված են Կամպո-դել-Մորո չքնաղ այգիները: Ֆրանկոյի կառավարման ժամանակաշրջանում պալատն ազգայնացվել է, այդ իսկ պատճառով թագավորական ընտանիքն այլևս այդտեղ չի բնակվում, այլ միայն անցկացնում է պաշտոնական ընդունելություններ: Մնացած ժամանակահատվածում շինությունը բաց է զբոսաշրջիկների համար:
2. Սիբելես պալատ և շատրվան
Իսպանական մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկն է Պլասա-դե-Սիբելես-ը: Այստեղ են գտնվում 18-րդ դարի մոնումենտալ շատրվանը և 20-րդ դարի սկզբին կառուցված պալատը: 2007 թվականից պալատը ծառայում է որպես քաղաքապետի նստավայր: Նախորդ հարյուրամյակներում քաղաքի բնակիչները խմելու ջուր վերցնում էին շատրվանից, իսկ պալատի շենքը ողջ 20-րդ դարում ծառայել է որպես գլխավոր փոստ: Մեր օրերում Պլասա-դե-Սիբելեսը զբոսաշրջիկների և հենց մադրիդցիների ամենասիրելի վայրերից մեկն է:
3. «Եվրոպայի դարպասներ»
Պլացա-դե- Կաստիլյա հրապարակի երկու երկնաքեր- աշտարակները կառուցված են հիմքի մակերեսի նկատմամբ 15° թեքությամբ: Շինությունները կառուցված են ամերիկացի ճարտարապետներ Դ. Բերջի և Ֆ. Ջոնսոնի նախագծով՝ 1996 թվականին: Աշտարակների բարձրությունը 114 մետր է և բաղկացած է 25 հարկերից, տանիքներին տեղակայված են ուղղաթիռի վայրէջքի մասնավոր հրապարակներ: Աշտարակները դարձել են ժամանակակից Մադրիդի խորհրդանիշը:
4. Գրան - Վիա
Մայրաքաղաքի հիմնական պողոտաներից մեկն է, ինչպես նաև գլխավոր «զբոսանքի փողոցը» տեղաբնակների համար: Երեկոյան, հատկապես հանգստյան օրերին, հարյուրավոր քաղաքացիներ դուրս են գալիս հանրահայտ իսպանական «մարչի»՝ մի բարից դեպի մյուսը երկար զբոսանքի, որի ընթացքում կարող եք շփվել, գինի ըմպել և խառնվել տոնող ուրախ ամբոխին:
5.Պլացա- Մայոր հրապարակ
Մադրիդի կենտրոնական հրապարակն է, որտեղից մեկնարկում է հայտնի տուրիստական ուղղությունների մեծամասնությունը: Հրապարակը կառուցվել է Ֆիլիպ 3-րդի կառավարման ժամանակաշրջանում՝ 17-րդ դարում: Այդ ժամանակներից սկսած այստեղ տեղի էին ունենում կարևոր պետական իրադարձություններ, միջոցառումներ, ինչպես օրինակ՝ մահապատիժներ, ցլամարտեր, իսպանական թագավորների թագադրումներ, հասարակական տոնակատարություններ, Ինկվիզիցիայի դատական նիստեր: Մեր ժամանակներում հրապարակում հավաքվում են փողոցային երաժիշտները, արտիստները և պարզապես հետաքրքրասերները:
6. Պուերտա-դել-Սոլ հրապարակ
Տեղանքի անունը իսպաներենից թարգմանվում է որպես «արևի դարպասներ»: Այստեղ է գտնվում Մադրիդի հայտնի խորհրդանիշը՝ արջը հատապտղի ծառի մոտ: Հրապարակի կենտրոնում տեղադրված է Կառլ 3-ին նվիրված արձան: Հրապարակը միշտ լի է մարդկանցով:
7. Բուեն- Ռետիրո այգի
Քաղաքի տարածքում կանաչապատ հատվածը մադրիդցիների զբոսանքի սիրելի վայրերից է: Այգում կան բազմաթիվ գեղատեսիլ ծառուղիներ, շատրվաններ, նախորդ դարերի շինություններ: Քաղաքացիները ընտանիքներով հանգստյան օրերին հաճախ գալիս են այստեղ պաղպաղակ ուտելու կամ նավակով զբոսնելու փոքրիկ լճակում: Իսպաներենից թարգմանաբար այգու անունը հնչում է մոտավորապես այսպես՝ «հաճելի առանձնացում»:
8. Կասա դե Կամպո այգի
Այգու ընդարձակ տարածքը փոքր–ինչ առանձնացված է Մադրիդի կենտրոնական թաղամասերից: Նախկինում այստեղ էին գտնվում թագավորական որսորդության վայրերը: Այգում կա մեծ կենդանաբանական այգի, ակվարիում դելֆիններով, ինչպես նաև այլ զվարճանքի վայրեր: Քաղցած այցելուների համար կա ռեստորանների մի ամբողջ փողոց՝ Պասեո-դե- Գաստրոնոմիա:
9. Պրադո թանգարան
Արվեստի գլուխգործոցների անգին այս հավաքածուն իր արժեքով գերազանցում է անգամ փարիզյան Լուվրին: Այստեղ ցուցադրված են իսպանական գեղարվեստի ականավորներ կայացուցիչների գործեր, ինչպիսիք են՝ Վելասկեսը, Գոյան, Էլ Գրեկո Մուրիլյոն: Այս թանգարանում առկա են նաև իտալացի գեղանկարիչների գործերի հսկայական հավաքածուներ, ինչպես նաև ֆլամանդական դպրոցի վարպետների գործեր: Հանրային ցուցադրության համար ցուցանմուշները բացվել են 1819 թվականին:
10. Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն
Այն ներառված է իսպանական մայրաքաղաքի գեղարվեստի պատկերասրահների ոսկե եռյակում Տիսսեն-Բորնեմիսայի և Պրադոյի հետ միասին: Ցուցահանդեսը բացվել է 1992 թվականին նախկին մայրաքաղաքային հյուրանոցի տարածքում: Արվեստի կենտրոնը անվանվել է ի պատիվ իսպանական թագուհի Սոֆիայի: Պատկերասրահը հայտնի է ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուներով: Ամենահայտնի նկարը Պաբլո Պիկասոյի «Գերնիկան» է:
11. Տիսսեն-Բորնեմիսայի թանգարան
Մինչ 1993 թվականը թանգարանը Տիսսեն-Բորնեմիսա ընտանիքի մասնավոր հավաքածուն էր, այնուհետև պետությունն այն գնեց: Այստեղ ներկայացված են այնպիսի նկարիչների կտավներ, որոնք ներառված չեն Պրադոյի և Սոֆիայի արվեստի կենտրոնի հավաքածուներում: Մշտական ցուցադրության են իտանալացի պրիմիտիվիստների, ռուս կոնստրուկտիվիստների, հոլանդացի և անգլիացի գեղանկարիչների աշխատանքները: Ինչպես նաև առկա են փոփ-արթ և երկրաչափական աբստրակցիա ոճերի շեդեվրեր:
12. Ամերիկայի թանգարան
Այս թանգարանը նվիրված է Ամերիկա մայրցամաքի բացահայտմանը: Ողջ Եվրոպայում Դուք չեք գտնի դրա նմանը: Այտեղ կան հավաքածուներ, որոնք ցուցադրում են Ամերիկայի բնիկների կենցաղն ու պատմությունը մինչ իսպանական նվաճումը: Այցելուները կարող են ծանոթանալ հնդկացիական ցեղերի զենքերին, կենցաղային իրերին, հագուստին, կրոնական պաշտամունքի առարկաներին: Ինչպես նաև ցուցադրված են կոնկիստադորների զենքեր և գաղութային արվեստի նմուշներ:
13. Իսպանիայի ազգային գրադարան
Երկրում խոշորագույն հավաքածուն է ձեռագիր և տպագիր նմուշների` գրքեր, քարտեզներ, երաժշտական պարտիտուրաներ, ամսագրեր, պաստառներ, բրոշուրներ, գեղագրեր: Գրադարանը ստեղծվել է Ֆիլիպ 2-րդի կառավարման ժամանակաշրջանում: Ֆոնդերը մշտապես լրացվում էին ի հաշիվ երկրում յուրաքանչյուր տպագրվող գրքի օրինակը գրադարանին պահպանման տալու: Գրադարանի 3 դար գոյության ընթացքում կուտակվել է 26 միլիոն օրինակ:
14. Թագավորական թատրոն
Մայրաքաղաքի գլխավոր օպերային բեմը գոյություն ունի 19-րդ դարի կեսերից: Պատերազմների և հեղափոխական իրադարձությունների արդյունքում թատրոնը բազմիցս կորցրել է իր գործառույթը և պարբերաբար վերածվել պահեստի, զինանոցի կամ պառլամենտի նստավայրի: 1977 թվականին թատրոնին վերադարձրին իր առաջնային գործառույթը, 1997 թվականից այստեղ սկսեցին բեմադրվել միայն օպերաներ և այլ երաժշտական ստեղծագործություններ:
15. Ալմուդենի տաճար
Այն Մադրիդի գեղեցկագույն տաճարներից մեկն է, որտեղ անցկացվում են շքեղ հասարակական եկեղեցային տոնակատարություններ և մատուցում են տոնական մեսսան: Տաճարը նվիրվախ է Կույս Մարիա Ալմուդենսկայային` իսպանական մայրաքաղաքի սուրբ հովանավորին: Կառուցման առաջին քարը դրել է թագավոր Ալֆոնսո 12-րդը 1884 թվականին: Տաճարի կառուցումն ավարտվել է 20-րդ դարի վերջին: Շինության ճարտարապետությունը նեոդասականի և բարոկկոյի որոշ տարրերի համադրություն է:
16. Էսկորիալ վանք
Վանքը գտնվում է Մադրիդից մոտավորապես մեկ ժամ երթի հեռավորության վրա` Սիերա-Նեվադայի ստորոտում: Այս խիստ տեսք ունեցող ամրոցը ծառայել է որպես իսպանական թագավորների նստավայր: Շինարարությունը կատարվել է 1563-1584 թվականներին: Չնայած խիստ և պարզ արտաքին տեսքին, պալատի ներքին հարդարումն ապշեցնում է ճոխությամբ և շքեղությամբ: Այստեղ են հանգչում իսպանական բոլոր միապետների մոխիրները, սկսած Կառլ 5-րդից:
17. Դեսկալսաս-Ռեալես վանք
16-րդ դարի գործող վանքը գտնվում է Մադրիդի տարածքում` Պուերտա-դել-Սոլ հրապարակի մոտակայքում: Վանքը հյուրընկալել է նշանավոր ընտանիքների կանանց, ովքեր փածչում էին իրենց անցանկալի փեսացուներից: Շնորհիվ չկայացած հարսնացուների հարուստ օժիտների վանքն արագ դարձավ Եվրոպայի ամենահարուստ վանքերից մեկը: Վանքի մի մասում տեղակայված է գեղարվեստի թանգարանը:
18. Դեբոդ վանք
Հին եգիպտական այս վանքը 2000 տարեկան է: Ի սկզբանե այն նախատեսված էր Ամոն աստծուն երկրպագելու համար, այնուհետև դարձավ Իսիդա թագուհու պաշտամունքի կենտրոն: Վանքն Իսպանիային է նվիրվել եգիպտական իշխանությունների կողմից ի նշան շնորհակալության Ասուանի ջրամբարի կառուցման ժամանակ տուժած պատմական կոթողների փրկության համար: Կառույցը մասնատել են, տեղափոխել Մադրիդ և տեղադրել Արևմտյան այգում:
19. Ալկալա դարպասներ
Դարպասները տեղակայված են Անկախության հրապարակում` մայրաքաղաքի կենտրոնում: Դրանք կառուցվել են նեոդասական ոճում: Արտաքնապես զարդարված են հուշարձաններով և փորագրություններով, որտեղ հիշատակվել է Կառլ 3-րդի անունը: 17-րդ դարում այս դարպասներով է անցել դեպի Ալկալա-դե Էնարես ճանապարհը: Շինությունը դարձել է Մադրիդի մոդեռնիզացիայի խորհրդանիշներից մեկը Կառլ 3-րդի դարաշրջանում:
20. Ատոչա կայարան
Իսպանիայի խոշարագույն և գլխավոր երկաթգծի կայարանն է, որտեղից մեկնում են ճեպընթաց գնացքներ երկրի տարբեր շրջաններ: Շինությունը բաղկացած է երկու տերմինալներից: 19-րդ դարի հին տերմինալում տեղակայված են տրոպիկական այգի, սրճարան, խանութներ, զվարճանքի սրահներ, իսկ նորն օգտագործվում է մեկնման և ժամանման գնացքների սպասարկման համար:
21. Լաս-Վենտաս Արենա
Արենան նախատեսված է հանրահայտ իսպանական ազգային շոուի` կորիդայի համար: Մայիսից հոկտեմբեր այստեղ յուրաքանչյուր կիրակի անցկացվում են ցլամարտեր, ապրիլից նոյեմբեր կարելի է այստելել կորիդայի թանգարան: Ինչպես նաև բավականին հաճախ հրապարակն օգտագործվում է փառատոների և համերգների անցկացման համար: Այն կառուցվել է 20-րդ դարի սկզբին, հին շինությանը փոխարինելու համար, որը տեղակայված էր քաղաքի կենտրոնում:
22. Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտ
«Ռեալ Մադրիդ» հանրահայտ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է: Մարզադաշտ կարելի է այցելել էքսկուրսիայով, որի ժամանակ այցելուները կարող են ծանոթանալ ակումբի պատմությանը, ուսումնասիրել Մրցանակների Սրահը, տեսնել հանդերձարանը և անգամ նստել տրիբունայում: Մարզադաշտը տեղավորում է մինչև 80 հազար դիտորդների: Մարզադաշտի բացման օրը 1947 թվականին «Մադրիդի Ռեալը» խաղաց պորտուգալական «Բելենենսիշի» հետ և հաղթեց 3:1 հաշվով:
23. Էլ Ռաստրո շուկա
Առևտրային տարածք է, որտեղ կարելի է ձեռք բերել հետաքրքիր իրեր` հնագույն կահույքի և երաժշտական գործիքներից մինչև քաղցրավենիք, հազվագյուտ գրքեր ու հագուստ: Շուկան աշխատում է կիրակի օրերին Լա Լատինա թաղամասում: Այստեղ հաճախ այցելում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև տեղացիները, քանի որ շուկայում վաճառում են նաև հազվագյուտ և անհրաժեշտ մեխանիզմներ և դետալներ:
24. Սան-Միգել շուկա
Գաստրոնոմիկ այս շուկան գտնվում է Պլազա Մայորի մոտակայքում: Այն վառ մայրաքաղաքային տեսարժան վայր է, որտեղ շտապում են զբոսաշրջիկները համտեսելու տարբեր իսպանական խորտիկներ: Այստեղ կարելի է համտեսել թարմ ոստրեներ շամպայնի գավաթով կամ անչափ համեղ համոն` համեմված խոտաբույսերով և համեմունքներով:
25. Warner Brothers զվարճանքների այգի
Մադրիդի արվարձաններում գտնվող ատրակցիոնների քաղաք է, որը զբաղեցնում է 55 հա տարածք: Այստեղ կարելի է հաճելիորեն հանգստանալ երեխաների հետ: Այգին բաժանված է մի քանի զոնաների` Հոլիվուդի բուլվար (գլխավոր ծառուղի), սուպերհերոսների աշխարհ, մուլտֆիլմերի աշխարհ, վայրի Արևմուտք և կինոսրահ: Յուրաքանչյուր զոնա յուրօրինակ է և հետաքրքիր, ամենուր կազմակերպվում են հետաքրքիր ներկայացումներ և կան ուրախ ատրակցիոններ: