Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Փարիզ` սիրո քաղաք

  • 16/02/2018

Եվրոպայի գեղեցկուհին բացառապես բոլորի երազանքն է: Փարիզը գրավում, դեպի իրեն է կանչում, արբեցնում  և խելագարության է հասցնում բոլորին: Դժվար է ասել, թե հատկապես ինչն է պատճառը, որ Փարիզը դարձել է երազանքերի քաղաք, և մարդիկ ձգտում են տեսնել այն `  հաշվի չառնելով ոչ եղանակային պայմանները, ոչ փոխարժեքը, ոչ քաղաքի աղտոտվածությունը... Միգուցե Փարիզի գաղտնիքը նրա նեղ, թույլ լուսավորված փողոցներն են, որոնցով արդեն միլիոնավոր սիրահար զույգեր են քայլել: Միգուցե նրա գաղտնիքը մահկանացուի հասարակ ձգտումն է տեսնել Էյֆելյան աշատարակը, միգուցե առավոտյան փողոցի փոքրիկ սրճարանում նախաճաշալն է` մի մեծ բաժակ էսպրեսոյի և կրուասանների բույրն է գրավում մարդկանց, ֆրանսիական երաժշտության մեղմ հնչյունների ներքո, սեր խոստովանելու երազանքը, կամ Մոնա Լիզայի գաղտնիքն է կանչում մարդկանց... Այնուամենայնիվ, Փարիզը հիասքանչ է և կարելի է գտնել միլիոնավոր պատճառներ այս գեղեցկուհուն տեսնելու համար...

Ինչ պետք է տեսնել

1.Էյֆելյան Աշտարակ - Այսօր դժվար գտնվի մեկը, ով պատկերացնում է Փարիզը առանց Էյֆելյան աշտարակի: Փարիզի բնակիչները, եթե անգամ համաձայն չեն, ապա հարմարվել են այն մտքի հետ, որ աշտարակը դարձել է Փարիզի խորհրդանիշը: Ժամակին նույնիսկ Հյուգոն և Մոպասանը առաջարկում էին հանել այդ մետաղի կտորը քաղաքից: Իսկ այսօր, խոսելով Փարիզի մասին մենք պատկերացնում ենք Էյֆելյան աշտարակը: Եթե Դուք եղել եք Փարիզում և չեք տեսել աշտարակը, ապա կարելի է համարել, որ այնտեղ  չեք եղել Փարիզում: Աշտարակը միշտ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում` նրա մոտ ամուսնության առաջարկ են անում, նկարահանվում են  ֆիլմեր, մարդիկ ճաշում են հիանալով աշտարակով, իսկ գնալուց տանում են իրեն հետ աշտարակի փոքրիկ տարբերակը:

2. Լուվրի թանգարան - Լուվրը համարվում է ամենահայտնի թանգարանը աշխարհում: Քիչ հավանական է, որ կկարողանաք գտնել մեկին, ով չի լսել նրա մասին: Բացի նրանից, որ Լուվրն ամենահայտնին է, այն նաև ռեկորդակիր է այլ կատեգորիաներում` ամենամեծն է աշխարհում, ամենաշատ այցելուներ ունեցողը և կարիք չկա նշել նրա հավաքածուների քանակի մասին: Լուվրը վերածվել է թանգարանի միայն XVIII դարի վերջում, մինչ այդ այն ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող պալատ էր: Իսկ Փարիզի խորհրդանիշներից մեկը` ապակե բուրգը, կառուցվել է 20-րդ դարի վերջում: Ժամանակի ընթացքում թանգարանի տարածքը ավելի է ընդլայնվել և դարձել Փարիզի երկրորդ ամենաընդարձակ կառույցը: Թանգարանի առաջին տիկինը, իհարկե, Մոնան Լիզան է:Նրա խորհրդավոր ժպիտը տեսնել ցանկացողները այնքան շատ են, որ նկարը հսկում են հատուկ աշխատակակիցներ:  Հաջորդ ամենահայտնի տիկինները Միլոսյան Վեներան է և Նիկա Սամոֆրակիսյան:

3. Հաղթանակի կամար - Կամարի շինարարությունը սկսվել է Նապոլեոնի հրամանով 1806 թվականին, սակայն միայն 1836 թվականին է Կամարը ստացել իր վերջնական տեսքը: Մեկ դար հետո` 1921 թվականին, Կամարի դամբարանում թաղվել է Համաշխարհային պատերազմում զոհված անհայտ զինվորի աճյունի մնացորդները: Հետաքրքիր փաստ` 1810 թվականին, երբ Փարիզ այցելություն էր կատարում կայսրուհի Մարի-Լուիզը, կամարը ամբողջովին կառուցված չէր և ստեղծվեց փայտե ձևավորում, որպեսզի կամարը ավարտուն տեսք ունենա: Կամարը զարդարում են երկու արձանները` Ֆրանսուա Ռյուդի ամենանշանավոր գործը՝ «Մարսելյեզ» մոնումենտալ ռելիեֆը («Կամավորները կռվի են ելնում 1792 թ.») և  Կորտոյի «1810 թվական հաղթանակ»-ը: Այսօր Կամարը ուղղակիորեն  կապված է Հուշակրակի վառման արարողության հետ: Կամարի ներսում գտնվում է թանգարան, ինչպես նաև ցանկացողները կարող են բարձրանալ տեսահրապարակ և այնտեղից հիանալ քաղաքի տեսքով:

4. Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտր-Դամ-դը-Պարի) - Փարիզի Աստվածամոր տաճարը (Նոտր-Դամ-դը-Պարի) հայտնի դարձավ Վիկտոր Հյուգոյի  վեպի շնորհիվ: Հյուգոն ձգտում էր նորից բորբոքել ֆրանսիացիների սերը տաճարի հանդեպ և դա իհարկե նրան հաջողվեց: Փարիզի բնակիչների սերը այնքան մեծ էր, որ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրանք պատրաստ էին "կաշառել" բոլոր նրանց, ովքեր սպառնում էին քանդել տաճարը: Թերևս պետք է հենց Հյուգոյին շնորհակալ լինենք, որ մինչ օրս կարող ենք հիանալ այս տաճարով: Լյուդովիկոս XIV-ի կառավարման և Ֆրանսիական հեղափոխության ընթացքում հասցված վնասները այդպես էլ կմանային, եթե չգրվեր Հյուգոյի վեպը, գրքի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց տաճարի վերականգման աշխատանքները: Տաճարի կառուցումը ձգվել է մոտավորապես երկու դար: Սակայն այդ ժամանակահատվածում տաճարը ձեռք է բերել իր անկրկնելի տեսքը և նման արդյունքին հասնելու համար կարելի էր սպասել հազարավոր տարիներ:

5. Սակրե Կյոր բազիլիկ - Սակրե Կյորը կառուցվել է 1875-1914 թվականներին ճարտարապետ Պաուլ Աբադիի կողմից բյուզանդական ոճով, գտնվում է Մոնմարտր բլրի վերևում՝ քաղաքի ամենաբարձր տեղում (130 մետր): Նոր տաճարի կառուցման առաջարկն ի հիշատակ ֆրանկո-պրուսական պատերազմի զոհերի՝ առաջարկված 1871 թվականին, ենթարկվել է ուժեղ քննադատությունների, սակայն 1873 թվականին ստացել է համաձայնությունը պատգամավորների կողմից կառուցել այն հանրային բաժանորդագրությունների հավաքած միջոցներով։ Երբ դրվեցին առաջին քարերը (1875 թվական հունիսի 16), նրանցից մեկի մեջ դրվեց բրոնզե մեդալիոն «Ֆրանսիան ներկայանում է Քրիստոսին մոնմարտրյան բազիլիկով», ֆրանսիական մեդալներով լի տուփով, ինչպես նաև մագաղաթ արձանագրություն հիմնադրված բազիլիկի արարողության առաջնորդ Սակրե Կյորի կողմից։ Շինարարությունն ավարտվել է միայն 1914 թվականին։ Հնարավոր չէ չհիանալ քաղաքով, երբ կողքիդ ճարտարապետական այսպիսի հրաշք է գտնվում: Տաճարի եզակիությունը նրանում է, որ այն կառուցված է հատուկ հանքանյութից, որը ջրի հետ շփումից սպիտակում է: Արդեն քանի տարի է անձրևոտ եղանակներին այս ճերմակ գեղեցկուհին լուսավորում է Փարիզը...

6. Լյուքսեմբուրգյան այգի - Լյուքսեմբուրգյան այգին  Փարիզի հանրային այգիներից է։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Նախկին թագավորական, իսկ այժմ՝ պետական պալատական այգին լատինական թաղամասում զբաղեցնում է 26 հեկտար տարածք։ Այգում է տեղակայված Լյուքսեմբուրգի պալատը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Սենատը՝ ֆրանսիական պառլամենտի երկրորդ պալատը։ Լյուքսեմբուրգյան այգին Փարիզի բնակիչների սիրելի վայրերից է և դա զարմանալի չէ, քանզի դժվար գտնվի մեկը ով կհրաժարվի նույնիսկ մի քանի ժամ անցկացնել այս հրաշալի այգում:

7. Օրսեյի թանգարան - Օրսեյի թանգարանը հայտնի է իմպրեսիոնիզմի հավաքածուներով: Այտեղ են հավաքված Մոնեյի, Մանեյի, Դեգայի, մելանխոլիկ Լոտրեկի, արևոտ Ռենուառի և էկզոտիկ Գոգենի գործերը: Սակայն թանգարանը հայտնի է ոչ միայն իր նկարներով, այլ նաև այն փաստով, որ նախկինում այն եղել է երկաթուղային կայարան: Թանգարանում կան նաև մի շարք հայտնի քանդակներ` Ռոդենի <<Բրոնզե դարը>>, Կամիլի Կլոդելի <<Հասունությունը>>, Դեգայի <<Տասչորսամյա պարուհին>> և այլն:

8.Պոմպիդու կենտրոն - Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն  մշակութային կառույց է, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանում։ Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի, որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Բացումը տեղի է ունեցել 1977 թվականին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի կողմից։ Կենտրոնի գործունեությունը նվիրված է ժամանակակից և 20-րդ դարի արվեստի ուսումնասիրմանն ու օժանդակությանը՝ իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, պար, երաժշտություն և այլն)։ Պոմպիդու կենտրոնն իր մեջ ներառում է նաև Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը Եվրոպայի ժամանակակից արվեստի թանգարաններից ամենամեծն է, մեծ գրադարան, համերգային և ցուցահանդեսային սրահներ, Ակուստիկայի և երաժշտության հետազոտման և համակարգման ինստիտուտը։ Պոմպիդու կենտրոնի առջև գտնվող հրապարակը շատ են հավանում նկարիչները, թափառական արտիստները, երաժիշտները և կրկեսի արտիստները։

9. Սենտ Շապել (Սուրբ մատուռ) - Սենտ Շապելը  Փարիզի ամենագեղեցիկ կաթոլիկ եկեղեցիներից մեկն է: Յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ տեսել է այս կառույցը, երբեք չի կարող մոռանալ այն: Տաճարը կառուցվել է միջնադարում(1243-1248) Լյուդովիկոս 10-ի հրամանով: Տաճարը ինքնին մեծ չէ չափսերով, բայց նրա ճարտարապետություն իրապես փառահեղ է: Ֆրանսիական գոթական ճարտարապետության և զարդարվեստի աչքի ընկնող նմուշներից մեկն է: Հայտնի է հատկապես իր գունազարդ վիտրաժներով: Պատերին կարելի է նկատել ջրաշուշանների մանրաքանդակները:Այստեղ ուրաքանչյուր մանրուք փայլում է իր գեղեցկությամբ և շքեղությամբ:

10. Համերաշխության հրապարակ - Համերաշխության հրապարակը Փարիզի հայտնի հրապարակներից մեկն է: Այն ունի կանոնավոր ութանկյան ձև և յուրաքանչյուր անկյունում տեղադրված են արձաններ, որոնք խորհրդանշում են Ֆրանսիայի 8 հայտնի քաղաքները (Բրեստան, Լիոնը, Բորդոն, Լիլը, Մարսելը, Ռուանը  և Ստրասբուրգը), իսկ կենտրոնում տեղադրված է եգիպտական խաչը:

11. Գրանդ-Օպերա - Գրանդ-Օպերան Փարիզի պետական օպերային թատրոնն է։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ. Կամբերը և բանաստեղծ Պ. Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը։ 17-18-րդ դարերում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ լիրիկական ողբերգության և օպերա-բալետի հետ։ Բեմադրվել են ժ․ Լյուլլիի, ժ․ Ռամոյի, Ք․ Գլյուկի օպերաները: 19-րդ դարի 20-ական թվականների վերջին այստեղ սաղմնավորվում է Մեծ օպերա կոչվող նոր ժանրը։  Բեմադրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը», Մեյերբերի «Տուգենոտները» և այլ օպերաներ։ Օպերայի շենքը ապշեցնում է իր շքեղությամբ և յուրօրինակությամբ: Արդեն իսկ մտնելը կառույց  արդեն իրադարձություն է, իսկ ներկայացում դիտելուց հետո հարկավոր կլինի ժամանակ իրականություն վերադառնալու համար:

Որտեղ կանգ առնել

Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանների: Յուրաքանչյուր թաղամաս նման է առանձին քաղաքի: Շրջան 1`  այն ոչ միայն Փարիզի կենտրոնն է, այլ նաեւ մեկը ամենահարուստ թաղամասը: Այստեղ է գտնվում Լուվրը,Վանդոմյան հրապարակը, ամենաթանկ բուտիկները եւ շքեղ հյուրանոցները, ինչպես նաեւ Les Halles հսկայական առեւտրի կենտրոնը: Ընդհանուր առմամբ, 1-ին թաղամասը Փարիզի տուրիստական եւ առեւտրային կենտրոնն է:

Շրջան 2` շատ փոքր թաղամաս է, բայց այստեղ է Փարիզի ֆինանսական կենտրոնը, չնայած դրան այն բավականին հանգիստ և կանգ առնելու համար վատ տարբերակ չէ:

Շրջան 3` այստեղ չկան տեսարժան  վայրեր, բայց այն բավականին հանգիստ և ապահով թաղամաս է: Հյուրանոցները այտեղ բավականին էժան են, բայց քիչ են: Եթե գտնեք ձեզ համապատասխան հյուրանոց, կարող եք կանգ առնել այստեղ, հարմար է նաև նրանով, որ հեշտությամբ կհասնեք քաղաքի կենտրոն:

Շրջան 4`  Փարիզի պատմական եւ պաշտոնական կենտրոնն է: Այս շրջանում է գտնվում քաղաքապետարանի շենքը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մարե թաղամասը (Փարիզի ամենահին հատբածը) եւ Լատինական թաղամասը, այտեղ է նաև Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոնը: On կղզու 4-րդ թաղամասը, թերեւս լավագույն վայրերից մեկն է զբոսաշրջիկների համար: Որտեղ էլ որ այս շրջանում կանգ առնեք, Փարիզի պատմությամբ շրջապատված կլինեք և Փարիզը կլինի Ձեր կողքին:

Շրջան 5` այստեղ  են գտնվում  Լատինական թաղամասը, Պանթեոնը և Սորբոնին: Շատ մոտ է կենտրոնին եւ հեշտությամբ կարելի է հասնել:

Շրջան 6`  Փարիզի բնակիչների սիրելի թաղամասնը: Saint-Germain-des-Prés  ամենահաճելի և գեղեցիկ շրջանն է: Այստեղ են ապրել փիլիսոփաներ ու գրողներ, իսկ հիմա Փարիզի մտավորականները: Այստեղ է գտնվում Լյուքսեմբուրգյան այգին: Հրաշալի վայր կանգ առնելու համար, բայց և բավականին թանկ:

Այստեղ է երջանկությունը!!! Շրջան 7`  այստեղ է գտնվում Էյֆելյան Աշտարակը: Կարող եք հեշտությամբ դեպի աշտարակը նայող հյուրանոց ընտրել: Այստեղ է նաև Հաշմանդամների տունը, բայց դա արդեն քիչ կարևոր է: Այստեղ է Օրսեյի թանգարանը,Խորհրդարանի շենքը,նախարարություններ և դեսպանատներ: Այնպես որ բավականին ապահով տարածք է, բայց չափից շատ զբոսաշրջիկներով:

Շրջան 8` այտեղ է գտնվում Ելիսյան Դաշտավայրը: Այստեղ են սկիզբ առնում նաև Փարիզի հիմնական պողոտան, Սանտ Լազարը` ամենահին երկաթուղային կայարանը եւ Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը` Հաղթանակի կամարը: 8-րդ թաղամասում է ապրում Ֆրանսիայի նախագահը: Ելիսեյան պալատը գտնվում է Ելիսյան Դաշտավայրերից ոչ հեռու:

Սպասարկում և Փաստեր

Մի լքեք Փարիզը չփորձելով ...

1.Փարիզյան Բագետ - Ֆրանսիական բագետը հավանաբար ամենահամեղն է: Պարզապես պետք է օրը սկսել հարևան հացաբուլկեղենի խանութից: Այնտեղից դուրս կգաք երեխայի նման` ձեռքներիդ դեռ տաք խրթխրթան բագետ ու նույնիսկ մարդկանց կնայեք ավելի ջերմ հայացքով:

2. Սթեյք ֆրիով - Ֆրանսիացի խոհարարների ձեռքով պատրաստված այս ուտեստը հասնում է  բարձունքների:

3. Ֆրանսիական տոստեր - Պանրով, խոզապուխտով և ձվով այս սենդվիչները ֆրանսիացիների սիրելի ուտեստներից են:

4. Կոնֆի բադ - Կոնֆի բադն այն ուտեստն է, որ շատ կհանդիպեք Ֆրանսիայում տարբեր տեսքով` սուպերմարկետներում, խանութներում և բարձրակարգ ռեստորաններում:

5. Բագետ-խոզապուխտ-պանիր - Բագետ-խոզապուխտ-պանիր` ահա այսպիսի տեսք ունի Ֆրանսիայի դասական սենդվիչը:Այն վաճառվում է ամենուր: Գալ Փարիզ և չփորձել այս սենդվիչը ներելի չէ:

6.Կրուասան - Վայելեք դասական ֆրանսիական նախաճաշը` կրուասան և սուրճ: Ամեն սրճարանից բուրող կրուասանները հիշեցնում են Ձեզ, որ դուք Փարիզում եք:

7. Մակարոններ - Յուրաքանչյուր գուրման այցելելով Փարիզ պետք է փորձի, քաղցրեղենի «Շանել» համարվող,  «Laduree» ֆիրմային մակարոնները:

8. Բլիթներ - Եթե ​​դուք Լատինական թաղամասում եք, ապա անպայման այցելեք Մուֆտար փողոցում գտնվող "Փոքրիկ հույնի մոտ"  փոքրիկ ռեստորանը: Բլիթները պատրաստվում են հունական բաղադրատոմսերով: Սա Փարիզցիների ամենասիրելի վայրերից մեկն է, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք երկար սպասել հերթում, փոխարենը կպարգևատրվեք հրաշալի բլիթներով: Ներկայացվող տեսականին շատ լայն է` աղի (հազար,ձու,միս), քաղցր (շոկոլադ, բանան, հարած սերուցք): Յուրաքանչյուր  բլիթ պատրաստվում է վարպետի կողմից, նրա ստեղծած ամեն մի բլիթ եզակի է:

Հասարակական փոխադրամիջոցներ

Փարիզն ունի  հարմարավետ և լավ կազմակերպված հասարակական տրանսպորտ (մետրո, ավտոբուսներ, տրամվայներ, ջրային տրանսպորտ, տուրիստական ​​ավտոբուսներ, տաքսիներ եւ հեծանիվներ): 

1.Մետրո - Փարիզի մետրոն ամենահարմարավետ և հեշտ տարբերակն է զբոսաշրջիկների համար: Փարիզի մետրոն կազմված է 300 կայարաններից: Ընդգրկում է 16 ճյուղ, որոնք իրենց հերթին ունեն 1-14 համարներ, ինչպես նաև 2 գծեր: Յուրաքանչյուր ճյուղ ունի իր գույնը: Շատ կայարաններում կան գծերը փոխելու հնարավորություն, սակայն փոփոխության ժամանակ կարող է խնդիր առաջանալ ժամանակի հետ կապված, 7 րոպեում պետք է կողմնորոշվեք, թե ուր գնալ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախորոք ծանոթանալ քարտեզին, որը կարող եք անվճար ձեռք բերել մետրոյում:

2.Էլեկտրոգնացքներ RER - Էլեկտրոգնացքները միացնում են Փարիզի ծայրամասային թաղամասերը քաղաքի կենտրոնին: Էլեկտրոգնացքները անհավանական հարմարավետ են, ունեն ժամանակակից տեսք, արագ են և ոչ թանկ: RER-ը կազմված է 5 ճյուղերից, որոնք համապատասխանաբար ունեն A,B,C,D,E լատինական տառերով անվանումներ: RER-ի առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս հեշտությամբ և արագ հասնել Շարլ դե Գոլի և Օրլիի օդանավակայարան: RER-ի տոմսի արժեքը նույն է, ինչ  մետրոինը` 1,80 eur, սակայն այս արժեքը գործում է միայն Փարիզի ներսում ճամփորդելու համար, իսկ նրանից դուրս գործում է այլ արժեք:

3.Ավտոբուսներ - Փարիզում կան 58 ավտոբուսային երթուղիներ: Եթե Դուք պետք է անցնեք ոչ շատ թաղամասերով, ավտոբուսը ավելի նախընտրելի տարբերակ է: Ավտոբուսների միակ թերությունն այն է, որ կարող եք հայտնվել խցանումների մեջ: Ավտոբուսները աշխատում են առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 9-ը: Դռները բացվում են ներսում և դրսում տեղադրված կարմիր կոճակներով: Ավտոբուսից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նույն քարտից, որն անհրաժաշտ է մետրոյից օգտվելու համար (արժեքը 180 eur):

Օգտակար է իմանալ

Լեզու - Ֆրանսիայի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է: Լեզուն լայն տարածում ունի ողջ աշխարհում: Եթե այցելեք Փարիզ, գոնե փորձեք խոսել ֆրանսերեն: Իհարկե կարիք չկա նախօրոք սովորել ֆրանսերեն, սակայն հավատացեք, եթե դուք խոսակցությունը սկսեք ֆրանսերեն մի քանի բառից, ֆրանիացիները կգնահատեն Ձեր ջանքերը:

Արտարժույթ - տարադրամի փոխանակում - Ֆրանսիայի արժույթը  եվրոն է, ինչպես Եվրոպական Միության այլ երկրներում: Ձեր կրեդիտ քարտը հնարավորություն է տալիս ստանալ կանխիկ գումար եվրոյով, քաղաքում 24 ժամ աշխատող հարյուրավոր ավտոմատացված բանկոմատներից: Հրահանգները ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով են: Միջազգային քարտերի մեծամասնությունը  ընդունվում են ֆրանսիական և արտասահմանյան բանկերի կողմից, սակայն ոչ բոլոր բանկերն են առաջարկում տարադրամի փոխանակման ծառայությունը: Բանկերը սովորաբար բաց են երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամը 9-ից 5-ը կամ 6 - ը: Որոշ մասնաճյուղեր կարող են փակվել ճաշի ժամին`  12:30 - 14:00-ի ընթացքում:

 

 

Դուք կարող եք հավանել