Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Հռոդոս կղզի` երկու ծովերի համբույրը

  • 05/02/2018

Հունաստանի ամենամեծ եւ առավել բերրի կղզիներից է: Այն նաև առավել շատ այցելուներ ունեցող կղզին է, սա պայմանավորված է նրանով, որ այստեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գտնել իր սրտին հարմար ինչ-որ բան: Կլինի դա լողափ, հնագիտական վայրեր, միջնադարյան հին քաղաքներ նեղ փողոցներով, հուշանվերների խանութներ եւ այլն: Հռոդոսի կլիման առանձնապես լավն է` միշտ մեղմ և անամպ, տարին 300 և ավելի օր այստեղ արև է:

Ինչ պետք է տեսնել

1. Լինդոս- Լինդոսը Հռոդոսի հնագույն քաղաքների մեկն է, որը հանդիսանում էր հին աշխարհի ամենահայտնի մշակութային եւ ծովային կենտրոնններից մեկը: Այս քաղաքը օժտված էր ամեն ինչով` աննախադեպ հարստություն, գեղեցկություն եւ ռազմավարական հրաշալի դիրք:

2. Կամիրոս- Կամիրոսն Հռոդոսի երեք խոշոր քաղաքներից մեկն էր: VI - V դդ  գյուղատնտեսության շնորհիվ հասավ իր զարգացման գագաթնակետին: Քաղաքի և մոտակա շրջանի ավերակները հանգրվան են գտել 1859 թ մի տարածքում, որը արդեն ծածկված է խիտ բուսականությամբ:  Հասարակական կառույցների,ագորաների, տաճարների, բնակիչների տների տպավորիչ քանակը, վկայում է Հին Կամրիրոսի հարստության եւ փառքի մասին:

3. Յալիսսոս- Լալիսսոսը (հայտնի է նաև Տրիադա անվանումով) Հռոդոսի երեք հայտնի քաղաքներից էր, իչպես նաև օլիմպիական խաղերի հաղթող Դիագորասի ծննդավայրը: Բացի այդ, այն նաև քաղաքակրթության օրրան է, կրոնական ուխտագնացության կենտրոն եւ զարգացած զբոսաշրջային հանգստավայր, ինչպես նաև հրաշալի վայր է արևածագով հիանալու համար: Այսօր Դուք կարող եք տեսնել հնագույն միջնաբերդի ավերակները եւ վերանորոգված վանական համալիրը: Հիմնանորոգվել է իտալացիների կողմից նախապատերազմայան տարիներին: Ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվում է "Գողգոթայի նրբանցքը",  որտեղ պատկերված են այն չարչարանքները, որը կրել է Քրիստոսը  մինչեւ Գողգոթա հասնելը:

4.  Ժամանակակից հունական արվեստի թանգարան- Հունական ժամանակակից արվեստի թանգարանում կա նկարների եւ գծանկարների հարուստ հավաքածու, ինչպես նաեւ մի շարք քանդակներ եւ փաստաթղթեր: Գեղանկարի եւ գծագրության բաժինը ավելի լիարժեք արտացոլում է XX դարում հունական արվեստի  զարգացումը և ներկայացնում առավել հայտնի և ճանաչված վարպետների:  Հիմնական սկզբունքը, որն ընկած է հավաքածուների ձևավորման հիմքում` ցանկությունն է ցույց տալ և պատմել, Հունաստանի և նրա ժողովրդի կյանքն ու պատմությունը, թե ինչպես են նրանց տեսել եւ ընկալել ժամանակակից արվեստագետները: Ժամանակակից արվեստի թանգարանում  վառ ներկայացված է Հունաստանի յուրահատկությունը, առանձնահատկությունը, ինչպես նաև նրա` աշխարհի անբաժանելի մաս լինելը:

5. Ռոդինի այգի- Հռոդոս կղզու հակառակ մասում գտնվում է Ռոդինի զբոսայգին: Սա իսկական դրախտ է` խշշացող վտակներով, կածաններով, ոլորուն մացառուտներով,  սոճիներով և նոճիներով: Ասում են, որ հենց այտեղ է գտնվել հռետորաբանության հայտնի դպրոցը, որի ուսանողները և հետևորդներն էին, Հին Հունաստանի եւ Հին Հռոմի հայտնի գործիչներ`  Հուլիոս Կեսարը, Ցիցերոնը, Կանտոն Կրտսերը և շատ ուրիշներ:

6.  Հռոդոսի ակրոպոլիս եւ հնագույն մարզադաշտ- Սուրբ Ստեփանոս բլրի վրա, որը նաեւ հայտնի է որպես Monte Smith անվանումով: Տաճարի ստորոտին գտնվում է հին մարզադաշտ, որը կառուցվել է III դարում, հելլենիստական դարաշրջանում: Հին ժամանակներում այս մարզադաշտում անցկացվում էին "Ալիյա" սպորտային խաղեր, որն նվիրում էր Հելիոս արևի աստծուն:

7. Մանդրակի- Եթե պատրասվում եք ծանոթանալ Հռոդոսին, ապա Մանդրակին այցելության պարտադիր վայրերից է: Մատույցների մոտ, որտեղ գտնվում են շքեղ զբոսաշրջային զբոսանավերը, տեղակայված են երեք հողմաղացներ և Սուրբ Նիկոլայի փարոսը:

Ինչ կարելի է անել

Առագաստանավով սպորտ- Առագաստանավով սպորտը Հռոդոսի ամենատարածված մարզաձևերից է` շնորհիվ լավ տեխնոլոգիաների և սարքավորումների:

Դայվինգ- Ստորջրյա աշխարհի հարստությունը կօգնի Ձեզ բացահայտել կղզու թաքնված գեղեցկությունը: Մաքուր և տաք ծովը, ուղղաձիգ ժայռերը, մեկուսի քարանձավները և նավաբեկությունների հնագույն մնացորդները ստեղծում են իդեալական պայմաններ  Հռոդոսի ծովային կյանքի ուսումնասիրության համար: Հռոդոսի ծովը համարվում է Միջերկրածովյան ամենամաքուր հատվածը, այդ իսկ պատճառով այստեղից կհեռանաք գեղեցիկ տպավորություններով և կրկին վերադառնալու մեծ ցանկությամբ:

Հեծանվային սպորտ- Հռոդոսում պարզապես իդեալական պայմաններ են հեծանվավազքի համար, քանի որ կղզու կենտրոնում  կա նեղ ճանապարհների խիտ ցանց, որն իդեալական է նման սպորտի համար:

Ջրաշխարհ- Հռոդոսի ջրաշխարհը ամենախոշորն է Եվրոպայում և իհարկե հանդիսանում է կղզու գլխավոր ջրային այգին : Այն գտնվում է Ֆալիրակի հանգստավայրի տարածքում և այնտեղ հասնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Ամբողջ այգին, այդ թվում գլխապտույտ սղարանները և զարմանալի լողավազաները, հագեցած են նորագույն ժամանակակից տեխնոլոգիայով: Տեղադրված սարքավորումների տեխնիկական եւ գեղագիտական մակարդակը եւ մատուցվող ծառայությունների որակը բավարարում է հյուրերի պահանջները:

Կռուիզ- Հռոդոս կղզին կարող է հպարտանալ իր յուրահատուկ դիրքով`  այն ինքնատիպ դարպաս է, որը կապում է արեւելքն եւ արեւմուտքը, եւ տանում են դեպի թուրքական ափեր:

Սպասարկում և Փաստեր

Խոհանոց- Հռոդոսի բազմաթիվ ռեստորաններն ու պանդոկները, որոնցից մի քանիսը ունեն համաշխարհային ճանաչում, կօգնեն Ձեզ բացահայտել ոչ միայն տեղական, այլև համաշխարհային խոհանոցի ուտեստները: Գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում, Հռոդոսի խոհանոցում առկա են երեք մայրցամաքների` Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տարրերը, բացի այդ, նաև կարողացել է պահպանել իր վառ Միջերկրական բնույթը: Ստեղծագործական մտքի  և տարբեր ժողովուրդների  խոհարարական  ավանդույթների միաձուլման շնորհիվ, Հռոդոսի տեղական խոհանոցը ստացել է առանձնահատուկ նրբերանգ: Այսօր համեղ սննդի սիրահարները գալիս են այստեղ ամբողջ աշխարհից: Այստեղ նրանք կարող են վայելել յուրահատուկ տեղական ճաշատեսակները, որոնցում ավանդական մոտեցումը միաձուլված է ժամանակակից խոհանոցի ավանդույթների հետ: Նուրբ վայելչություն` ձուկ ու ծովամթերքներ, հյութալի աղցաններ, մսային ուտեստներ, աղանդեր և ձիթապտղի յուղ, ընկույզեղեն, մրգեր, մեղր և անուշաբույր դեղաբույսեր, ահա բարձրակարգ խոհանոցի բաղադրիչները:

Հռոդոսի գինին

Հռոդոսի համեղ խոհանոցը կատարելապես զուգորդվում է տեղական գինու հետ: Հռոդոսի այգեգործները և գինեգործները, շարունակելով իրենց նախնիների ավանդույթները` արտադրում են գինիներ, որոնք բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային մրցաշարերում:  Արևը, մեղմ կլիման, ժամանակակից տեխնոլոգիաները` սրանք են այն հիմնական գործոնները, որոնք որոշում են տեղական գինիների բացառիկ որակը: Վերջին ժամանակահատվածում խաղողի տեսակները թարմացվել են, ինչպես նաև ավելացել են նոր որթատունկեր: Ժամանակակից գինեգործական տեխնոլոգիաները և նոր տեսակների ողկույզները,  բարելավել են Հռոդոսի գինու որակը, բայց ինչ վերաբերում է համային հավասարակշռությանը, ապա այն, ինչպես տարիներ առաջ, անկրկնելի է: Բավական է այս գինու մեկ կումը, որպեսզի հավատաք Հելիոս աստծու հրաշքներին:

Տրանսպորտ

Ավտոբուսներ- Կղզում գերազանց գործում է ավտոբուսի ծառայություն քաղաքների և խոշոր գյուղերի միջև: Երկու հիմնական երթուղիներով (կղզու հյուսիս-արևմտյան եւ արևելյան մասերում) իրականացվում են կանոնավոր տեղափոխություններ: East Side Bus Station ավտոկայանից, որը գտնվում է Ռիմինիի տարածքում, գործում են ավտոբուսներ, որոնք հասնում են մինչև Ֆալիրակի: West Side Bus Station ավտոկայանից, որը գտնվում է Ավերոֆ հրապարակում, ավտոբուսները հասնում են մինչև օդանավակայան: Ավտոբուսները գործում եմ ըստ ժամանակացույցի: Ժամանակացույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ ավտոկայաններում տեղադրված ցուցատախտակներից, տրանսպորտի բյուրոյում, հյուրանոցներում, զբոսաշրջային կենտրոններում:

Տաքսիներ- Տաքսին կղզու փոխադրման ամենատարածված տեսակն է: Շատ տաքսիներ կենտրոնացած են Հռոդոս քաղաքում: Տաքսիների ամենամեծ կայանատեղին  Ռիմինի հրապարակում է: Նախապես պատվիրված տաքսին, բացի ուղևորության արժեքից, պահանջում է լրացուցիչ վճար: Լրացուցիչ վճարի կարիք կլինի նաև այն դեպքում, եթե ուղեբեռը գերազանցում է 15 կիլոգրամը: Մայրաքաղաքից դուրս գործող տաքասիները անվանում են agoraion,  երթուղու արժեքը որոշվում է ըստ կիլոմետրերի:

Մեքենայի վարձույթ- Վարձակալված մեքենայով կարելի է տեսնել Հռոդոսն ուրիշ աչքերով և լինել զարմանալի վայրերում, որոնք  նշված չեն սովորական զբոսաշրջային ​​երթուղիների քարտեզներում: Մեքենան կարող է պատվիրված լինել նախապես կամ ժամանելուց հետո:  Ընկերություններ, որոնք առաջարկում են մեքենայի վարձակալություն, բազմաթիվ են և առաջարկում են վարձակալության տարբեր պայմաններ: Վարձավճարի արժեքը տատանվում է կախված ավտոմեքենայի դասից, վարձակալության ժամկետիներից, ընկերության հեղինակությունից: Տեղական մեքենաների վարձակալության փոքր ընկերությունները, սովորաբար առաջարկում են իրենց ծառայությունները 20-30 տոկոսով էժան:

Որտեղ կանգ առնել

Հռոդոսը հիանալի հանգստավայր է, որը թույլ է տալիս վայելել դրախտային կղզու բոլոր հաճույքները` շշմեցնող լեռները, կանաչ անուշահոտ ձորերը, հոյակապ տեսարանները գույնների առատությամբ, մշակութային կենտրոնները և հարմարավետ հյուրանոցները: Հռոդոսի արևելյան ափերը, որոնք ողողվում են Միջերկրական ծովով,  հիմնականում ավազոտ են և մի փոքր քարախիճերի խառնուրդով: Կղզու կենտրոնական մասի լեռները պաշտպանում են տարածքը Էգեյան ծովից փչող քամիներից: Այս տարածքի հիմնական հանգստավայրերը Լինդոսը և Ֆալիրակին են:

Հռոդոսի  արևմտյան հատվածը, որը սահմանակից է Էգեյան ծովին, ավելի քամոտ է: Էգեյան ծովն ավելի սառն է, տեղի կլիման հարմար է այն մարդկանց համար, ովքեր ծանր են տանում շոգը: Կղզու այս հատվածի ափերը ավելի քարքարոտ են և շրջապատված են փարթամ կանաչ բուսականությամբ: Տեղի հյուրանոցներն ավելի նրբաճաշակ են: Ընտանիքները, որոնք ճամփորդում են փոքր երեխաների հետ, ավելի լավ է ընտրեն  կղզու արևելյան հատվածը: Խոշոր առողջարանային քաղաքներն են` Լալիսսոսը եւ Իկսիյան:

Օգտակար է իմանալ

Կլիմա- Հռոդոս կղզին հայտնի է իր հրաշալի Միջերկրական կլիմայով: Հունական մյուս կղզիներից տարբերվում է մեղմ  ձմեռներով, և ոչ շատ շոգ ամառներով: Հռոդոսում տարվա 300 օրն արևային է, և պատահական չէ, որ կղզու հովանավորը արևի աստված Հելիոսն է:

Լեզու- Պաշտոնական լեզուն հունարենն է (ժամանակակից հունարենը): Զբոսաշրջիկների հետ շփման համար օգտագործվում է անգլերենը: Խոշոր քաղաքներում և հանգստյան վայրերում գրեթե բոլորը տիրապետում են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուններին:  Բազմաթիվ եվրոպական լեզուներ դասավանդվում են դպրոցներում բավականին լուրջ մակարդակով: Մարզերում հաճախ օգտագործում են ալբաներեն, բուլղարերեն և թուրքերեն:

 

Դուք կարող եք հավանել