Պորտուգալիայի 7 հրաշալիքները
Պորտուգալիան բազմաթիվ զբոսաշրջիկների համար համարվում է հեռավոր անծանոթ մի վայր, որն այրված է արևով և որում ներծծված են սև սուրճի, նարնջի և էվկալիպտի բույրերը: Պորտուգալացիների իրական ոգին զգացվում է իրենց ավանդական տխուր երգերում և ազգային հուշարձաններում, որոնք մինչ օրս գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Իսկ գիտեիք արդյոք, որ պորտուգալացիները ևս ունեն 7 հրաշալիքներ:
Եվ այսպես, Պորտուգալիայի 7 հրաշալիքներն են` Գիմարայնշ ամրոցը, հնագույն քաղաք-ամրոց Օբիդուշը, Բատալյա վանքը, Ալկոբասա աբբայությունը, Բելեն աշտարակը, Ժերոնիմուշ վանքը և վերջապես Պենա թագավորական պալատը: Եկեք մեկ առ մեկ ծանոթանանք հրաշալիքներից յուրաքանչյուրին:
Գիմարայնշ ամրոց
Գիմարայնշը Պորտուգալիայի ամենահին մայրաքաղաքն է, որը գտնվում է Լիսաբոնից 312 կմ հեռավորության վրա: Գիմարայնշն անվանում են պորտուգալական ազգի օրրանը, հենց այստեղ, աշտարակներից մեկում է ծնվել Աֆոնսու Էնրիկիշը, որը 1128 թվականին ջախջախեց իր մոր` Թերեզա Լեոնացու զորքերը, որով ազատեց պորտուգալական ազգի կոմսությունը Լեոն թագավորության ֆեոդալական ազդեցությունից: 1139 թվականին Աֆոնսուն խոշորագույն հաղթանակ տարավ մավրերի նկատմամբ և իրեն հռչակեց թագավոր: Այս պահից սկսած Պորտուգալիան ստացավ անկախ թագավորության կարգավիճակ: Ամրոցի պատերից մեկի վրա կարելի է տեսնել հետյալ գրությունը. «Այստեղ է ծնունդ առել Պորտուգալիան»: Գիմարայնշի պատկերը անմահացված է երկրի զինանշանի վրա:
Օբիդուշ քաղաք-թանգարան
Իր գոյության շուրջ 800 տարիների ընթացքում Օբիդուշը պահպանել է քաղաք-ամրոցի կերպարը: Օբիդուշը եղել է վանականների սիրելի նստավայրը, տոնակատարությունների և հարսանիքների անցկացման վայր: Միջնադարում Օբիդուշի դարպասների մոտ էին հասնում ծովի ալիքները, սակայն այժմ ծովախորշի տեղում ծաղկել են բալենու այգիներ: Հենց այս այգիներն և քաղցրավենիքի գործարաններն են Օբիդուշին բերել Պորտուգալիայի լիկյորի և շոկոլադի մայրաքաղաքի համբավը: Հասունացած բալից պատրաստում են խիտ, հարուստ գույնով և բույրով լիկյոր «ժինժա»: Իսկ նոյեմբերին` շոկոլադի Միջազգային փառատոնի անցկացման օրերին, Օբիդուշի հին փողոցները վերածվում են մեծ ցուցադրությունների, որոնք լին են լինում կոնֆետներով, քաղցրավենիքներով, թխվածքաբլիթներով: Հուլիսին ամրոցի պատերի մոտ անցկացվում է միջնադարյան փառատոն ասպետների մասնակցությամբ, երաժշտությամբ և թատերականացված տեսարաններով:
Բատալյա վանք
Բատալյա վանքը գոթիկ ճարտարապետության տարրեր պարունակող պորտուգալական «մանուէլինո» ոճի վառ օրինակ է: Վանքը հիմնադրվել է 1385 թվականին Ժուան 1-ինի հրամանով իսպանացիների հանդեպ տարած հաղթանակի համար Սուրբ Մարիամին որպես շնորհակալության նշան:
Ալկոբասա վանք
1153 թվականին Աֆոնսու Էնրիկիշը կառուցեց հսկայական աբբայություն, որը հնարավորություն ունեցավ իր հարկի տակ առնել 1000-ավոր վանականների: Ալկոբասա վանքի տաճարը դարձել է Պորտուգալիայի առաջին գոթիկ շինությունը և երկրի հոգևոր կենտրոնը: 200 տարի վանքը ծառայել է որպես թագավորական գերեզման: Այստեղ են նաև Պեդրու 1-ինի և իր սիրուհու` Ինես դե Կաստրոյի սարկոֆագները, որոնց սիրո պատմությունը Պորտուգալիայում ստացել է ազգային միֆի կարգավիճակ: Պեդրու արքայազնը իր սիրուհուց ուներ 4 երեխա, և երբ իր օրինական կինը մահացավ նա կտրականապես հրաժարվեց ամուսնանալ այլ կնոջ հետ: Այդ ժամանակ արքայացնի հայրը` Աֆոնսուն հրամայեց իր խորհրդականներին սպանել Ինեսին: Վրեժ լուծելու համար Պեդրուն հորը պատերազմ հայտարարեց, իսկ մարդասպաններին մահապատժի ենթարկեց ամենատանջալից ձևով: Իր սգի մեջ անսփոփ Պեդրուն, հրամայեց գերեզմանից հանել Ինեսի մարմինը, հագցնել թագավորական հագուստ և շքանշաններով պարգևատրել` համբուրելով նրա չորացած ձեռքը: Այնուհետև նա թաղվեց թագավորական գերեզմանատանը: Պեդրուի և Ինեսի դագաղները կանգնած են դեմ դիմաց, որպեսզի ժամադրությունը կայանա վերակենդանացումից անմիջապես հետո, երբ մարդիկ Ահեղ դատաստանի օրը «կարթնանան» հավերժ կյանքի համար:
Ժերոնիմուշ վանք
Լիսաբոնի հպարտությունը` Ժերոնիմուշ վանքը, կառուցված է մանուէլինո ոճի ողջ շքեղությամբ: Վանքը անքակտելիորեն կապված է Մեծագույն աշխարհագրական բացահայտումների հետ. Միջնադարում այստեղ է կանգնած եղել ժամատունը, որտեղ Վասկո դա Գաման և իր ուղեկիցները աղոթում էին նավարկությունից առաջ: Իսկ ժամատան դիմացի հրապարակում էր գտնվում նավահանգիստը, որտեղից Վասկո դա Գամայի նավերը մեկնեցին հեռավոր նավարկության դեպի Հնդկաստան: Վանքը կառուցվել է 16-րդ դարում` հնդկական համեմունքների վերավաճառքից ստացած գումարներով: Բացի Վասկո դա Գամայից, Ժերոնիմուշի գերեզմաններում են թաղված նաև պորտուգալական թագավորներ և պոետներ:
Բելեն աշտարակ
Ժերոնիմուշ վանքից ոչ այնքան հեռու է գտնվում Բելեն աշտարակը: Իր անվանումը ստացել է Լիսաբոնի նույնանուն հնագույն թաղամասերից մեկում գտնվելու պատճառով: «Բելենը» պորտուգալերեն հնչողությամբ կոչվում է «Բեթղեհեմ»` քրիստոնյաների սուրբ քաղաքը, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Բելենյան աշտարակը կառուցվել է 1515-1521 թվականներին Վասկո դա Գամայի կողմից դեպի Հնդկաստան ծովային ճանապարհի հայտնագործման պատվին: Այս հիասքանչ շինությունը ծառայել է որպես պահակակետ ամրոց, փարոս և բանտ: Բելեն աշտարակը համարվում է մանուէլինո ոճի լավագույն օրինակներից մեկը, որը բնորոշ է Պորտուգալիային վերածննդի դարաշրջանում: Աշտարակի վերին տեռասին` 35 մետր բարձրության վրա, կահավորված է դիտակետային հրապարակ, որտեղից բացվում է հիասքանչ համայնապատկերային տեսարան:
Պենա պալատ
Սինտրա քաղաքի վրա` ժայռային ծովախորշում վեր է խոյանում Դիսնեյլենդի հեքիաթային ամրոց հիշեցնոց Պենա պալատ: Պալատը և իր տարածքում գտնվող այգին` 270 հա մակերեսով, հիմնվել են 1840 թվականին` որպես թագավորների ամառային նստավայր: Պալատի ճարտարապետության մեջ են միահյուսվել այն ժամանակաշրջանի բոլոր ոճերը` գոթական ոճից մինչև կլասսիցիզմ: Պալատական ներքին հարդարանքը պահպանվել է նույն տեսքով, ինչպիսին այն թողել է Պորտուգալիայի վերջին թագուհի Ամելիան, որը վտարվել էր երկրից 1910 թվականի բուրժուական հեղափոխության արդյունքում: