Venice - the miracle at the lagoon
Երբ քաղաքն այնքան հարուստ է հետաքրքիր և պատմական տեսարժան վայրերով, դժվար է կողմնորոշվել, թե ինչից սկսել: Վենետիկն այլևս նորապսակների մեղրամսի կղզին չէ, այն երազանք է դարձել յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար: Միգուցե փորձեք մոլորվել մի քանի ժամով, զբոսնելով Վենետիկի առեղծվածային փողոցներով, ակնկալելով գտնել թաքնված գաղտնիքներ: Ասում են ով Վենետիկում չի մոլորվել ուրեմն այնտեղ չի էլ եղել: Յուրաքանչյուր քայլի Դուք ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք: Ընդ որում միշտ հեշտությամբ կկարողանաք գտնել հետադարձ ճանապարհը դեպի Սան Մարկոյի հրապարակ և Գլխավոր ջրանցք: Վենետիկի լավագույն տեսարժան վայրերը կենտրոնացած են հենց այդտեղ: Եվ իհարկե, միշտ կարող եք էքսկուրսիայով մեկնել մոտակա կղզիներ` Մուրանո, Բուրանո և Տորչելլո, ինչու ոչ նաև Սբ. Ղազար կղզի:
- Սան Մարկոյի հրապարակ
Սկսենք Վենետիկի ամենաճանաչված տեղարժան վայրերից մեկից` Սան Մարկոյի հրապարակից: Միջնադարյան ժամանակաշրջանից սկսած հրապարակը դիտարկվում էր, որպես Վենետիկի կենտրոն և հանդիսանում էր վենետիկյան պետության կարևորագույն կառավարման մարմինների նստավայրը, իսկ 19-րդ դարից սկսած նաև արքեպիսկոպոսի: Այստեղ անցկացվում են նաև վենետիկյան բազմաթիվ փառատոներ: Սա այն վայրն է, որտեղ կենտրոնացած են Վենետիկի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը: Վենետիկի ամենամեծ հրապարակի ընդարձակ տարածությունն ապշեցնում է սքանչելի ճարտարապության միատարրությամբ: Այս հրապարակը Վենետիկի «հյուրասենյակն է», այստեղ են հավաքվում բոլոր զբոսաշրջիկները, զբոսնում, սուրճ ըմպում, նկարվում, հանդիպում ընկերների և զբոսավարների հետ: Հրապարակի բաց հատվածում է գտնվում է Սբ. Մարկոյի Բազիլիկ տաճարը, որի գմբեթիվ լավագույնս կարող եք զմայլվել հրապարկի գեղեցկությամբ:
2. Ակադեմիայի պատկերասրահ
Ակադեմիայի պատկերասրահը Վենետիկի ամենայատնի գեղարվեստի թանգարանն է: Այստեղ է հավաքված մինչև 18-րդ դարի վենետիկյան նկարիչների աշխատանքների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը: Հավաքածուն ունի ժամանակագրական հաջորդականություն, սակայն կան նաև թեմատիկ ցուցադրություններ: Ակադեմիան հիմնվել է 1784 թվականին հզորագույն դուքս Պիետրո Լեոպոլդոյի կողմից: Ակադեմիայի թանգարանը տեղակայված է Վենետիկի Մեծ Ջրանցքի վրա: Հավաքածուի մեծ մասը հավաքվել է վանքերից և եկեղեցիներից, ինչպես նաև ազնվական ընտանիքների պալատներից և այժմ այն ներկայացվում է հանրությանը Սանտա Մարիա Դելլա Կարիտա նախկին վանքում: Որոշ պատկերասրահներ ներկայացնում են վենետիկյան գոթիկ արվեստը, ներառելով 15-րդ դարի հայտնի ոսկեպատ առաստաղները:
3. Կորերա թանգարան
Այս շինությունը կառուցվել է 1806-1814 թվականներին Նապոլեոնյան դարաշրջանում, երբ Վենետիկն Իտալիայի թագավորության մասն էր, իսկ Յուջինա դե Բոխարնեն կայսեր ներկայացուցիչն էր այստեղ: Վենետիկյան գեղանկարիչ Ջուզեպպե Բորսատոն այդ ժամանակ զբաղվում էր ինտերիերի գեղարվեստական նախագծմամբ, փորձելով զգուշորեն արտացոլել Կայսրության ոճը: Կորերա թանգարանն իր անունը ստացել է Թեոդորո Կորերայից` արվեստի հավաքածուների կոլեկցիոներ, ով վենետիկյան հին արիստոկրատական ընտանիքի անդամ էր:
4. Ռիալտո կամուրջ
Վենետիկի ամենաճանաչված տեսարժան վայրերի ցանկում Ռիալտո կամուրջը առաջար դիրք է զբաղեցնում: Այն ջրային քաղաքի ամենաայցելվող անկյուններից մեկն է: Այն Մեծ Ջրանցքի ամենահին կամուրջն է` քաղաքի տրանսպորտային զարկերակը: Վենետիկի բուռն զարգացման ժամանակ ոչ մի կամուրջ չկար, որը կկապեր Ջրանցքի երկու կողմերն իրար, ինչը մեծ խնդիր էր հանդիսանում: Այժմ էլ այդ կամուրջներն այնքան էլ շատ չեն, Ռիալտոն այդ 4 կամուրջներից մեկն է: Ռիալտոն կառուցվել է դեռևս 1588 թվականին, իսկ շուրջ 150 տարի անց փայտե կամրջի փլուզումից հետո կառուցվել է նորը: Այսօր, այն զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է, որտեղ նրանք լուսանկարվում են ջրանցքի և հարյուրավոր գոնդոլաների ֆոնին:
5. Կա’դ’ Օրո կամ Սանտա Սոֆիա
Կա’դ’ Օրոն հանդիսանում է Մեծ Ջրանցքի վրա գտնվող Վենետիկի ամենահին և ամենագեղեցիկ պալատներից մեկը: Այն հայտնի է, որպես Ոսկե տուն` արտաքին ոսկեգույն գեղարվեստական տեսքի շնորհիվ: Պալատը կառուցվել է 1428 և 1430 թվականներին Կոնտարինի ընտանիքի համար, որից են սերում 8 վենետիկյան Դոժեր 1043-ից 1676 թվականների: Դժվար է պատկերացնել, որ ողջ այս գեղեցկությունը կառուցված է քարից: Այն համարվում է վենետիկյան գոթիկ ոճի կատարյալ օրինակ: Դուք կարող եք զմայլվել նաև պալատի ներքին մասով, քանի որ այժմ այստեղ տեղակայված է գեղարվեստի թանգարան, որը նվիրված է 15-16-րդ դարերում հարուստ վենետիկցիների կյանքին: Պալատի պահապան Բարոն Ջորջիո Ֆրանչետտին 1922 թվականին թանգարանին է նվիրել արվեստի գլուխգործոցների իր հավաքածուն` Տիցիանի, Մանտենյայի, Վան Դայկի Տուլիո Լոմբարդոյի և Բերնինիի աշխատանքներով:
6. Սանտա-Մարիա դելլա Սալյուտե տաճար
Վենետիկի կրոնական ամենահայտնի տեսարժան վայր Սանտա-Մարիա դելլա Սալյուտե տաճարն ունի անչափ հետաքրքիր պատմություն: 17-րդ դարի առաջին կեսին Հյուսիսային Իտալիայում սկսվեց սարսափելի ժանտախտ: Վենետիկի Դոժը որոշեց կանխարգելիչ միջոցառումներ կիրառել վարակը կանգնցնելու համար: Բայց նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին և վարակը տարածվեց ամբողջ քաղաքում: Կարճ ժամանակահատվածում չնայած քաղաքային իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումներին բնակչության զգալի մասը վարակվեց: Դոժը և իր ընտանիքի մեծ մասը մահացան: Բժշկության ձախողումը ստիպեց կառավարությանը և մարդկանց փրկության համար դիմել կրոնին: Կազմակերպվեց երթ, որին մասնակցում էին ողջ մնացած 10000 բնակիչները: Նրանք անընդհատ քայլում էին Սան-Մարկոյի հրապարակի շուրջ երեք օր ու գիշեր և աղոթում: Որոշվեց, որ եթե քաղաքը խուսափի ամբողջական դատարկումից, ապա նրանք կկառուցեն այնպիսի չափերի և գեղեցկության վանք, որը ողջ աշխարհը չի տեսել: Հիվանդությունը նահանջեց և բնակիչները որոշեցին կատարել իրենց խոստումը. Այսպես կառուցվեց Սանտա-Մարիա դելլա Սալյուտե տաճարը:
7. Լա Ֆենիչե թատրոն
Լա Ֆենիչե թատրոնը ի սկզբանե պլանավորվել է որպես, վենետիկյան արիստոկրատիայի պաշտոնական թատրոն: Նրա կառուցումը հանձնարարվել էր Ջանանտոնինո Սիլվային և նա ավարտեց շինարարությունը 1792 թվականի ապրիլին: Թատրոնն աչքի է ընկնում չտեսվնված շքեղությամբ:
8. Կոնտարինի դել Բոլովո պալատ
Այս պալատը հանդիսանում է փոքրիկ պալատ Վենետիկում: Այն թաքնված է գողտրիկ խաչմերուկում, հայտնի որպես Կալլե դելա Վիդա և պատկանում է Կոնտարինի ընտանիքին: Օրիգինալ այս կառույցը նախագծել է Ջովաննի Կանդին 1499 թվականին: Այս պալատի առանձնահատկությունը սքանչելի աստիճանահարթակն է բազմաթիվ կամարներով: Ընտանիքն այդ ժամանակ վարձեց երկրորդ ճարտարապետին` Ջորջիո Սպավենտոյին, որպեսզի ավելացնի այս աստիճանահարթակն օրիգինալ կառույցին:
9. Վենետիկյան Արսենալ
Վենետիկյան Արսենալը Վենետիկի կարևորագույն վայրերից մեկն է: Այս ռազմածովային նավաշինարանը և պահեստը կարևոր դեր են խաղացել ծաղկող վենետիկյան Կայսրության համար: Առասպելի համաձայն, 8-րդ դարից Վենետիկի մոտ կային բազմաթիվ նավաշինարաններ, որոնք ցրված էին ողջ քաղաքով: Սակայն 12-րդ դարի սկզբին այս նավաշինարանները ճանաչվեցին վտանգավոր, և 1104 թվականին սկսվեց Արսենալի կենտրոնացված կառույցի շինարարությունը: Հին Արսենալը կառուցվել է 1100-ից 1300 թվականներին, իսկ նոր համալիրը 1300-ից 1400 թվականներին, իսկ Նորագույն Արսենալը հիմնվել է 1473-ից 1573 թվականներին: Արսենալը` վենետիկյան հանրապետության նավաշինարանը, մինչև 17-րդ դարի վերջը ամենախոշոր և ամենածանրաբեռնվածն էր ողջ աշխարհում: 1104 թվականի հիմնումից հետո այն անընդհատ ընդարձակվում էր, իսկ ծաղկունքի շրջանում այստեղ աշխատում էին 16000 աշխատակիցներ: Այն Վենետիկի գլխավոր ծովային տեսարժան վայրերից մեկն է: Նավաշինարանի հետ խառնված Ռազմածովային պատմության թանգարանը ցուցադրում է հանրապետության բազմաթիվ ծովային պատերազմների մրցանակները, ինչպես նաև կտավների հրաշալի հավաքածու:
10. Ֆոնդակո դեի Տուրկի
Այն քաղաքի հնագույն շինություններից մեկն է: 13-րդ դարի սկզբին, Ջակոմո Պալմիերին` Պեզարոյի հարուստ պալատականը Վենետիկում ապաստան էր փնտրում: 1225 թվականին նա կառուցեց այս պալատը անձնական օգտագործման համար: 1381 թվականին Վենետիկի Հանրապետությունն իր վրա վերցրեց դրա կառավարումը և պալատն օգտագործում էր որպես դատարան:
11. Սուրբ Մարկոյի Բազիլիկ
Վենետիկի ամենահայտնի եկեղեցին և աշխարհում ամենաճանաչված տաճարներից մեկը Սուրբ Մարկոյի Բազիլիկն է: Այն զարդարված է բյուզանդական շեդեվրերով, որոնք այստեղ էին բերվել, որպես Կոստանդնուպոլիս անկման ավար: Ոսկեպատ մոզաիկ պատկերները թեթևակի հուշում ներսի շքեղության մասին, որտեղ շուրջ 4240 քմ գմբեթները և պատերը ոսկե մոզաիկ երեսպատում ունեն: Բյուզանդական ոճը խառնվում է այլ ժամանակաշրջանների գանձերին, որոնց թվում են Տիցիանի և Տինտորետտոյի խճանկարները: Այս անունները կապվում են քաղաքի գրեթե յուրաքանչյուր շինության հետ:
12. Դուկալե Պալատ և Հոգոցների կամուրջ
Բոլոր Վենետիկ ժամանողներ զբոսաշրջիկները անցնում են այս էքստրաօրդինար պալատի մոտով տպավորվում դրա չափերով և ճարտարապետության շքեղությամբ: Այս տպավորությունն ավելի է ուժեղանում, երբ հայտնվում են պալատի ներսում, Պորտա դելա Կարտայով: Անգամ 21-րդ դարի զբոսաշրջիկները հիանում են պալատի և նրա գեղարվեստական ձևավորման շքեղությամբ: Այստեղ կարելի է տեսնել բոլոր վենետիկցի հայտնիների աշխատանքները, Տինտորետտոն և իր «Դրախտը» ներառյալ: Այն աշխարհի ամենամեծ նկարն է: Մասնավոր էքսկուրսիայի ընթացքում «Հոգոցների կամրջով» դուք կհայտնվեք Պյոմբիի մութ բանտախցերի մոտ, բանտ, որտեղից Կազանովան իրականացրեց իր հայտնի փախուստը:
13. Մեծ Ջրանցք
Մեծ Ջրանցքն անցնում է Վենետիկով հսկա Տ տառի տեսքով: Այն քաղաքի տրանսպորտային հիմնական զարկերակն է, որն իրար է միացնում Սան-Մարկոյի հրապարակը, Ռիալտոյի կամուրջը և երկաթգծի կայարանը, որտեղ են ժամանում գնացքները: 3.8 կմ երկարությամբ այս ջրանցքը հատում են ընդամենը 4 կամուրջներ: Մեծ Ջրանցքը Վենետիկի բոլոր ազդեցիկ բնակիչների բնակության նախընտրած վայրն էր: Հարուստ բոլոր ընտանիքների պալատները կառուցվել են դեպի Ջրանցքը տեսարանով: Այս պալատները շատ լավ են պահպանվել մինչ մեր օրերը և էքսկուրսիայի ժամանակ ջրանցքի երկայնքով կկարողանաք տեսնել Վենետիկի բոլոր տեսարժան վայրերը:
14. Սկուոլա Սան-Ռոկկո
Սկուոլա Սան-Ռոկոն ոչ այնքան հաճախ է հայտնվում Վենետիկի հանրահայտ տեսարժան վայրերի ցանկում, սակայն հաստատապես արժանի է ուշադրության: Այս սպիտակ մարմարից տպավորիչ շինությունը կառուցվել է 1515-1560 թվականներին, Սան Ռոկկո բարեգործական համայնքի համար: Շուտով, դրանց ավարտից հետո, 16-րդ դարի մեծագույն նկարիչ Տինտորետտոն հաղթեց շինության ինտերիերի զարդարման մրցույթը: Նա զարդարեց Սկուոլա Սան-Ռոկկոյի պատերն ու առաստաղը նկարների շարքով, որոնք հետագայում ճանաչվեցին նկարչի ամենաականավոր շեդեվրերը: Ամենավաղ աշխատանքները գտնվում են Ալբերգո սրահում և կատարվել են մոտավորապես 1564 թվականին: Ամենաապշեցուցիչն այն նկարներից Խաչելությունն է Խաչի վրա: Վերին սրահում պատկերված Նոր Կտակարանի արարները, դրանք կատարվել են 1575-1581 թվականներին: Լուսավորությունն այստեղ իդեալական չէ, սակայն Դուք դեռ կարող եք գնահատել Տինտորետտոյի ինովացիաները լույսի և գույների օգտագործման մեջ:
15. Մուրանո կղզի
Վենետիկի տեսարժան վայրերին ծանոթանալը չէր ավարտվի առանց Մուրանո այցելելու - Վենետիկի լեգենդար ապակեգործների տունը: Նրանք այստեղ էին ուղարկվել 13-րդ դարում, որպեսզի նվազեցնեն հրդեհի ռիսկը խիտ բնակեցված քաղաքում, ապակեգործների վառարանների պատճառով: Մուրանոյի տեղափոխումը նաև պետք է նպաստեր վենետիկյան ապակու պատրաստման մենաշնորհի պահպանմանը: 1454 թվականի դեկրետն ասում էր. «Եթե ապակեգործն իր հմտություններով տեղափոխվի այլ երկիր ի վնաս հանրապետության, ապա նա ստիպված կլինի հետ վերադառնալ, նրա ամենամոտ հարազատները պետք է բանտ նետվեին, որպեսզի նրան ստիպեն վերադառնալ, եթե նա հրաժարվի ենթարկվել, ապա նրան ցանկացած երկրում կգտնեին և կպատժեին: Ավելի հեշտ էր հետևել ապակեգործներին, եթե նրանք սահմանափակված էին կղզիով: Այսօր ջրանցքի երկու կողմերով կան ապակեգործության սրահներ: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` ամենաէժան փոքրիկ իրերից մինչև արվեստի գլուխգործոցներ: 17-րդ դարի Ջուստինիան Պալատում է գտնվում Ապակե Թանգարանը հռոմեացիների ժամանակներից սկսած մինչև 20-րդ դարի վենետիկյան ապակու ամենամեծ և թանկարժեք հավաքածուներից մեկը: Եթե դեռ մտածում եք այն մասին, թե ինչպես անցակացնել ժամանակը Վենետիկում, ապա առանց երկմտանքի Մուրանո կղզին ներառեք Ձեր ցանկում:
16. Ռեցոնիկո Պալատ
Այնպես ինչպես Կա-դ’Օրո-ն թույլ է տալիս Ձեզ խորասուզվել ուշ Միջնադարյան կյանք, Ռեցոնիկո Պալատը վառ պատկերացում է հաղորդում բարոկկոյի 18-րդ դարի Ռոկոկոյի դարաշրջանի կյանքի վերաբերյալ: Բարոկո ոճի վենետիկյան ճարտարապետության առաջավոր գիտակ Բալդասարե Լոնգենի կողմից նախագծված այս պալատի շինարարությունն ավարտեց Ջորջիո Մասսարին գրեթե 100 տարի անց, 1750 թվականին: Հատուկ ուշադրության է արժանի պալատի ներքին գեղարվեստական հարդարումը մետաքսե պաստառներով, ֆլամանդական գոբելեններով և նրբագույն մանրուքներով: Կոստյումների ընտրությունն ընդգծում է Վենետիկում մետաքսի արտադրության կարևորությունը: Վենետիկն այս հարցում մրցակցում է ֆրանսիական Լիոնի հետ: Թանգարանը ցուցադրում է 18-րդ դարի վենետիկյան տնտեսության մեջ պերճանքի պարագաների կարևորությունը, երբ այստեղ արտադրվում էր ոսկով և արծաթով զարդարված դիպակ, որը տարածվում էր ողջ Եվրոպայում և Նոր Աշխարհում:
17. Սանտա-Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի
Այս գոթիկ եկեղեցին հիմնվել է ֆրանցիսկանցիների կողմից մոտավորապես 1340 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 15-րդ դարի կեսերին: Նրա 14-րդ դարի տպավորիչ զանգակատունը բարձրությամբ երկրորդն է Վենետիկում: Չնայած նրան, որ եկեղեցու ներքին մասին բնորոշ է ֆրանցիսկանյան եկեղեցիների պարզությունը, Սանտա-Մարիա Գլորիոզա դեի Ֆրարին պարունակում է բազմաթիվ գեղարվեստական գանձեր: Աջ մասում կանգնեցված է Սուրբ Յոհան Բապտիստի անչափ կարևոր փայտե հուշարձանը, որը ստեղծել է ֆլորենտացի քանդակագործ Դոնատելոն 1451 թվականին: Հարավային միջանցքում գտնվող Տիցիանի դամբարանը Ֆերդինանտ 1-ին Ավստրիացու նվերն էր, երբ նա Վենետո Լոմբարդիայի թագավորն էր: Հյուսիսային միջանցքում գտնվող բրգաձև դամբարանը քանդակագործ Անտոնիո Կանովայի աշակերտների աշխատանքն է, ինչպես նաև Տիցիանի մեծ հուշարձանը: Այն Վենետիկի չգնահատված տեսարժան վայրերից մեկն է, որին շատերը արժանի ուշադրություն չեն դարձնում:
18. Տորչելո կղզի
Վենետիկի պատմությունը սկսվել է Տորչելո կղզուց դեռևս 7-րդ դարում, իսկ արդեն 12-րդ դարում այն ծաղկող առևտրային քաղաք էր: Դուք կարող եք Տորչելոյի կարևորության մասին պատկերացում կազմել Սանտա-Մարիա Ասսունտա տաճարն այցելելով, որը կառուցվել է 639 թվականին: Այն համարում են վենետիկյան-բյուզանդական ճարտարապետության պահպանված ամենալավ օրինակը: Տաճարը վերականգնվել է 834 և 1008 թվականներին: Ներսում պահպանվել են բազմաթիվ սքանչելի խճանկարներ: Դրանցից ամենահները գտնվում ժամատանը: Արևմտյան պատն ամբողջությամբ զարդարված է Խիստ Դատաստանի պատկերներով խճանկարով, որն արվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին:
19. Սանտա-Մարիա դեի Միրակոլի եկեղեցի
Զարմանալի չէ, որ Վենետիկի տեսարժան վայրերի շարքում ավելի շատ եկեղեցիներ և տաճարներ են: Սան Մարկոյի տաճարի հզորագույն շքեղությունից հետ, Սանտա-Մարիա դեի Միրակոլին իրական թարմության շունչ է հաղորդում: Այն Վաղ Վերածննդյան ճարատարապետության իրական գլուխգործոց է, ստեղծված Պիետրո Լոմբարդոյի կողմից: Ի տարբերություն Վենետիկի այլ եկեղեցիների, որոնք ձևավորված են արձաններով և ֆրեսկերով, Լոմբարդոն օգտագործել է մարմարը ձևավորված բարակ շրջաններով, ութանկյուններով և խաչերով: Այս մեթոդը շարունակվում է նաև ներսում, ուժեղացնելով ոսկե գմբեթաձև առաստաղի տպավորությունը: Զարմանալի չէ, որ այս եկեղեցին վենետիկցիների ամուսնության արարողության ամենասիրելի վայրն է, քանի եկեղեցու ներքին հարդարանքը ամենագեղեցիկներից մեկն է քաղաքում:
10. Լիդո կղզի
Երկար 12 կմ-անոց ավազի շերտն առանձնացնում է վենետիկյան լագունան Ադրիատիկ ծովից: Այն համարվում էր ծովային հանգստի ամենաիրական հանգստավայրը Եվրոպայում սկսած ծաղկունքի շրջանից մինչ 20-րդ դարի ավարտը: Այստեղից օգտվում էր Եվրոպայի ազնվականությունն ու մեծահարուստները: Այսօր այս ավազե ափերը և շքեղ հյուրանոցները կարող է վայելել ցանկացածը: Հանրային ափերը տեղակայված են Լիդո կղզու հյուսիսային մասում` Սան-Նիկոլո եղեկեցու մոտ: Դուք կարող եք Լիդոյում ոտքով զբոսնել կամ հեծանիվ վարձել: Օգոստոս և սեպտեմբեր ամսիներին Պալացո դել Սինեմայում անցկացվում է Միջազգային կինոփառատոն: